ՌԴ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների արդյունքները
Ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար՝ երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի կարգավորման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի հետ։
՛՛Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՛՛,- նշել Է դիվանագետը:
Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը:
՛՛Աջակցում ենք այս կարևոր քայլին հայ-ադրբեջանական լիարժեք և համակողմանի կարգավորման հասնելու ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով՛՛,- շարունակել է նա:
՛՛Նպատակ ունենք ամեն կերպ աջակցել խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացմանը և Բաքվի ու Երևանի միջև մնացած հարցերի լուծմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ հարցերի, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, համատեղ սահմանի սահմանազատմանը և հումանիտար խնդիրներին այնքանով, որքանով դա ընդունելի կլինի գործընկերների համար։
Ռուսաստանի արտգործնախարարի՝ հայ-ադրբեջանական կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար՛՛,-ամփոփել է Զախարովան: