հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը պայքարելու է ազգային արժեքների համար. Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը պայքարելու է ազգային արժեքների համար. Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը նախընտրական ուղերձ է հրապարակել՝ ընդգծելով կուսակցության նվիրվածությունը քրիստոնեական արժեհամակարգին, ազգային ինքնությանը և պետականությանը։ Այս մասին նա ասել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

Շիրինյանի խոսքով՝ ինքն իր ուղերձը հնչեցնում է Խոր Վիրապից, քանի որ այստեղ է տեղի ունեցել Հայաստանի պատմության կարևորագույն իրադարձություններից մեկը՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու գործընթացը։

«Մենք հավաստում ենք Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նվիրվածությունը քրիստոնեական արժեհամակարգին, մեր ժողովրդի բարոյական կերպարին, ինքնությանը և, անշուշտ, պետականության անշեջ պատկերին»,-ասել է նա:

Ըստ Շրիինյանի՝ կուսակցությունն ընտրություններին մասնակցում է ազգային և քրիստոնեական արժեքների պաշտպանության օրակարգով. «Մենք գալիս ենք պայքարելու մեր ազգային արժեքների համար, քրիստոնեական արժեհամակարգի համար»։

Նա նաև հայտարարել է, որ կուսակցությունը հանդես է գալիս գիտաարդյունաբերական և տեխնոլոգիական Հայաստանի գաղափարով։

«Մենք գալիս ենք հաստատելու գիտաարդյունաբերական Հայաստանի կոնցեպցիան, տեխնոլոգիական թռիչք պահանջող նվաճումների Հայաստանի կերպարը»,-ասել է Շիրինյանը և հավելել, որ իրենց կուսակցության օրակարգում կարևոր տեղ ունեն նաև գյուղատնտեսության և էկոհամակարգի վերականգնման հարցերը։

Ընդգծենք, որ կուսակցության հիմնական կարգախոսն է՝ «Անվտանգություն, ազատություն և զարգացում»։

  • Կիսվել: