կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շիրինյանն ու Բաբաջանյանը ընկերաբար բաժանվել են

Շիրինյանն ու Բաբաջանյանը ընկերաբար բաժանվել են

Ինչպես լավ ձեւով միացել էինք, աշխատել, այնպես էլ բարեկամաբար բաժանվել ենք. ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի ճակատագրին՝ ասաց «Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության» նախագահ Լեւոն Շիրինյանը:

«Ուրեմն լավ միացել ենք, լավ աշխատել ենք եւ լավ հարաբերություններով դադարեցրել ենք մեր համագործակցությունը, որովհետեւ այդ դաշինքը ձեւավորվել էր ընտրության համար: Ընտրություններն անցան եւ, ինձ թվում է, մենք մնացինք բարեկամներ, եւ ոչ միայն ես ու Բաբաջանյանը, այլ մեր երկու կուսակցությունները»,- ասաց Շիրինյանը:

Ըստ նրա, հետագա համագործակցությունների հնարավորությունը կյանքը ցույց կտա:

Հարցին՝ ձեզ պարտված համարո՞ւմ եք, կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Ոչ, ոչ, մեր դաշինքը կրծքով պաշտպանեց գողապետության վերադարձը, ձախողեց»:

Հիշեցնենք, մայիսի 18-ին «Հանուն Հանրապետության» եւ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները հայտարարեցին ժողովրդավարական երկու ուժերի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու մասին: Նրանք դաշինք կազմելու մասին հուշագիր ստորագրեցին՝ հայտարարելով, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» անվանմամբ:

Հավելենք նաեւ, որ դաշինքը ընտրությունների արդյունքում ստացել է 19 145 ձայն:

 

  • Կիսվել: