ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արման Բաբաջանյանը բացահայտել է ՀՀ պաշտոնյաների ահռելի ունեցվածքը ԱՄՆ-ում. ովքեր են նրանք

Արման Բաբաջանյանը բացահայտել է ՀՀ պաշտոնյաների ահռելի ունեցվածքը ԱՄՆ-ում. ովքեր են նրանք

Քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանը ԱՄՆ իր վերջին այցի ժամանակ բացահայտել է, թե ՀՀ որ պաշտոնյաները ինչ ունեցվածք ունեն ԱՄՆ-ում։

՛՛ԱՄՆ-ում ահռելի հայկական կապիտալ է կուտակված: Դեռևս Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին շրջանի պաշտոնյաներ, բայց առավելապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության 20 տարիներին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, փոխվարչապետներ, նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, դիվանագետներ, դատավորներ, մարզպետներ, քաղաքապետներ, ոստիկաններ, ԱԱԾ-ականներ, ՊԵԿ ղեկավար, ՊԵԿ տեղական մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ, դատախազներ, քննիչներ՝ Հայաստանի գրեթե բոլոր պետական գերատեսչությունները ներկայացնող նախկին պաշտոնյաներն ու նրանց զավակները բույն են դրել ԱՄՆ-ում՝ առավելապես հարավային Կալիֆորնիայի շրջաններում:

Փողի մեծ մասն անշարժ գույքի մեջ է՝ շքեղ առանձնատներ, կոնդոմինիումներ, թաունհաուսներ, հյուրանոցներ, ռեստորաններ, առևտրային կենտրոններ, որոնց վարձակալությունից ստացվում են ահռելի եկամուտներ:

ԱՄՆ պատկան մարմինների խնդրանքով ինձ հետ հանդիպման ժամանակ պարզ դարձավ օրինակ, որ Գլենդելի ամենաբանուկ և ամենաթանկ «Ամերիկանա» կոչվող կենտրոնում հայաստանցի նախկին պաշտոնյաները՝ այդ թվում Ռոբերտ Քոչարյանի ընտաիքը, մի քանի միլիոն դոլարի հասնող բնակարանների սեփականատերեր են, որոնց մեծ մասը տրված է վարձակալությամբ:

Նախկին դատավորներից մեկը Լոս Անջելեսի ամենաթանկ Բեվերլի հիլզ քաղաքում հսկայական բիզնես կենտրոն է կառուցում, իսկ ոչ անհայտ պատգամավոր, Հայաստանի նախկին և գուցե ներկա Թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարութ Փամբուկյանն, օրինակ, պարզվեց միլիոնավոր դոլարների հասնող թանկարժեք ավտոմեքենաների պարկ ունի, շաբաթական առնվազը մեկ օր մի քանի հարյուր հազար դոլարի շրջանառության Պոկերի երեկոյի մասնակից է:

Փամբուկյանը, հիշեցնեմ, «Հայաստանի բաշխիչ ցանցերը» 2002թ. նորաստեղծ օֆշորներում գրանցված «Միդլենդ ռեսուրսիզ» ընկերությանը չնչին գումարով վաճառած պաշտոնյան է:

Այն ինչ պարզվեց մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում, տպավորություն ստացա, որ չկա որևէ օլիգարխ և քիչ թե շատ նախկինում երևացող պաշտոնյա, որ Կալիֆորնիա հայաստանյան ծագմամբ ապօրինի եկամուտ փոխադրած չլինի և մասնակի կամ ամբողջական տեղափոխված չլինի:

Նույնիսկ նրանք, որոնք տարիներ ի վեր իրենց կապիտալը տեղափոխում էին Ռուսաստան, շատերը դրանք վերջին տարիներին ԱՄՆ տեղափոխելու ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկում:

Այս ամենը, ինչպես հասկացա, ԱՄՆ իշխանությունների համար, դեռևս շատ նախնական ուսումնասիրության նյութ է: Այս կապիտալը այսօր ԱՄՆ-ում դիտարկվում է որպես կոռուպցիայի, կազմակերպված հանցավորությունը խթանող փող:

Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ դեռևս ներգրավված կողմ չեն, նրանց հասու չէ այս կարևոր տեղեկությունները:

Հայաստանի բանակի, մեր երկրի պաշտպանունակության, դիմադրողունակությունն ապահովող կարողությունների ահռելի մասը տեղափոխվել է ԱՄՆ: Հայաստանը ոտքի կանգնելու, ամրանալու համար շատ փողի կարիք ունի: Շատ լավ է, որ ապօրինի կապիտալի վերաբերյալ տեղեկությունները հայտնվել են ԱՄՆ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ աշխատանք և ջանք գործադրելու դեպքում կասկած չունեմ՝ այդ կապիտալը կարող է դառնալ Հայաստանի սեփականությունը՛՛,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբաջանյանը:

  • Կիսվել: