հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՔՊ-ն չի քննարկում ԼՂՀ օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարցը․ Աղաջանյան

ՔՊ-ն չի քննարկում ԼՂՀ օկուպացված տարածքների մասին օրենք ընդունելու հարցը․ Աղաջանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի քննարկում Ադրբեջանի կողմից Արցախի ինքնիշխան տարածքների օկուպացման վերաբերյալ օրենք կամ հայտարարություն ընդունելու հարցը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ ԱԺ-ն կարող է Արցախի ԱԺ-ի օրինակով օրենքի կամ հայտարարության տեսքով փաստաթուղթ ընդունել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացման մասին։  

Աղաջանյանը պատասխանեց, որ ՔՊ-ն նման հարց չի քննարկում։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը։ Օրինագծով սահմանվում է 1991-1994 եւ 2016թթ․ Ադրբեջանի Հանրապետության եւ 2020թ․ Թուրքիայի Հանրապետության եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի,  պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները։

  • Կիսվել: