հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՔՊ-ականները՝ հերթական թակարդում. ավինյանականները կարող է լքել փաշինյանականներին․ «Իրավունք»

ՔՊ-ականները՝ հերթական թակարդում. ավինյանականները կարող է լքել փաշինյանականներին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հերթական համագումարին, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ՔՊ-ականների շարքերում անհանգիստ ջղաձգումներ են սկսվել այս տեղեկության առնչությամբ:

Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ առնվազն «կամիկաձե» պետք է լինել, որպեսզի ցանկություն ունենան լինել ՔՊ-ի ղեկավար կազմում հիմա, երբ իշխանական նավը խորտակվելուն հինգ է պակաս: Բայց մյուս կողմից էլ այս ամենը ՔՊ-ականները դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական լարված թակարդը:

Եվ խնդիրը ոչ թե համագումար անել կամ չանելն է, ինչը նաեւ օրենքի պահանջ է, այլ այն, որ մինչեւ մայիսի 31-ը ստիպված են լինելու իրենց հավատարմությունը վերհաստատել Փաշինյան Նիկոլին` ցույց տալով, որ իրենց շարքերում շատերն են անգամ այս վիճակում պատրաստ դառնալ կուսակցության վարչության անդամ: Իսկ սա չանելը, իհարկե, անպատիժ չի մնա կուսակցության ղեկավարության կողմից:

Ի դեպ, կուսակցության համագումարի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե արդյոք նախկին փոխվարչապետ եւ արդեն իսկ Երեւանի քաղաքապետի թեկնածուի դերի մեջ մտած Տիգրան Ավինյանը կշարունակի մնալ կուսակցության վարչության կազմում: Կան շշուկներ, որ ավինյանականները կարող է համագումարից շատ ավելի վաղ լքեն փաշինյանականներին` համագործակցության եզրեր գտնելով որոշ ընդդիմադիրների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: