չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Քոչարյանի փաստաբաններն արձագանքել են Մարուքյանի մեղադրանքներին

Քոչարյանի փաստաբաններն արձագանքել են Մարուքյանի մեղադրանքներին

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները արձագանքել են ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրենց հասցեին հնչեցրած մեղադրանքներին։

Հովհաննես Խուդոյանը, մասնավորապես, գրել է. «Մի քիչ առաջ մի փոքրիկ տակառիկ էր գլորվում գործընկերներիս ուղղությամբ, թե բա սուտ եք ասում: Բայց տեղ չի հասնի:

Մի քանի բանից են խոսել գործընկերներս` ոչինչ չթաքցնելով ու ոչինչ չքողարկելով

֊ հրաժարվում են ՍԴ ներկայացված դիմումից, որպեսզի ոչ մի քաղաքական շահարկում չլինի դիմումի հետ կապված ու դիմումի առկայությունը սահմանադրական ինստիտուտների կազմաքանդման պատրվակ չհանդիսանա
֊ թե դիմումի արդյունքում ՍԴ֊ն ինչ որոշում է կայացնելու, փաստաբանները չէ, որ պիտի կանխորոշեն, կարող են անել բացառապես մի բան՝ դիմումը հետ վերցնել
֊ մնացյալը արդեն կոնկրետ քրեական գործի հետ չկապված պրոցեսներ են, ու ամեն մեկն /հաստատ ոչ դիմումատուն ու իր ներկայացուցիչները/ արդեն իր պատասխանատվության բաժինն ունի

Մենք իրավունքով ենք հետաքրքրված, ոչ քաղաքականությամբ, քանի դեռ քաղաքականությունը ինքը չի սկսում հետաքրքրվել դատական պրոցեսներով:

Իսկ իրավական տիրույթում ոնց որ թե բացի սահմանադրական արդարադատությանը արդեն առկա ակնհայտ միջամտությունից մի նոր քաղաքական ուժ արդեն սկսում է քրեական արդարադատությանը միջամտել /ընդհանուր իրավասության դատարանի դիմումը պիտի քննվի, թե ոչ»։

Արամ Վարդևանյանն էլ գրել է. «Երբ Էդմոն Մարուքյանը իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում, և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը մեղմ ասած ԶԱՎԵՇՏ Է:

Մի խորհուրդ եկեք ես Ձեզ տամ, ընդհանրապես անիմաստ է ԻՐԱՎԱԲԱՆԻ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉՈւՄԸ, երբ այն չի իրացվում:

Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք:

Հենց սա է ցավը...:

Առողջ եղեք»:

Նշենք, որ Մարուքյանը մեղադրել է Քոչարյանի փաստաբաններին նրա մեջ, որ Սահմանադրական դատարանից իրենց դիմումը հետ վերցնելով, նրանք իրականում խաբեություն են արել, քանզի ՍԴ իրականում քննելու է այդ գործը։

 

  • Կիսվել: