հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քոչարյանի համակիրը լինելուց բացի,ես հարգում եմ իրեն. «Հրապարակ»

Քոչարյանի համակիրը լինելուց բացի,ես հարգում եմ իրեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․«Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չնայած ընդգրկված չէ որեւէ ուժի ընտրացուցակում, սակայն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի համար․ մամուլում թյուրիմացաբար լուր էր հայտնվել, թե նա հեռացել է Հայաստանից։ Արտաշատում մի քանի օր առաջ Քոչարյանի եւ իր համակիրների հանդիպմանն էլ նա ներկա է գտնվել։ Ի դեպ, հանդիպումը կայացել է Ալիկ Սերգեյիչի եղբայրներին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանում։ «Այո, ես էլ եմ մասնակցել, ես դիմավորեցի, իմ մոտ է եղել, իմ նախագահն է, տասը տարի աշխատել եմ, համակիրը լինելուց բացի, ես հարգում եմ իրեն»,- երեկ ասաց նա՝ շեշտելով, որ պաշտոնի հավակնություններ չունի։ «Բայց իմ խղճի մտոք․․․ ես տեսնում եմ, որ երկիրը լավ տեղ չի գնում, ու պետք է ինչ-որ ձեւով միջամտել»։

Անդրադառնալով լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններին, թե ինքը լքել է Հայաստանը, Սարգսյանն ասաց, որ 3-4 օրով մեկնել է Մոսկվա ու վերադարձել․ «Գնացել էի հետազոտվելու, սրտիս հետ կապված ժամկետն էր, փառք աստծո, նոր ստենտավորման կարիք չառաջացավ, վերադարձա Հայաստան»։ Այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել։

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրվում է միանգամից 3 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ հանցագործությունը պարտակելու համար: Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, երկրից բացակայել է ՀՔԾ քննիչի թույլտվությամբ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: