ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել են ՀՀ դեսպանության և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ դեսպանության և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Ս.թ. հուլիսի 12-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը հանդիպեց Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի նախագահ տիկին Ֆամ Լան Դունգի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ՀՀ դեսպանության և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության խորացման, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հաստատման ու նրանց միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցերը:

Զրուցակիցները նաև մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ և անդրադարձան ՀՀ-ՎՍՀ երկկողմ համագործակցության այլ հարցերին։ Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկեցին և նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին Վիետնամի դիվանագիտական ակադեմիայում Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի դասախոսությունների կազմակերպման վերաբերյալ։

Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը անդրադարձավ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին և դրանից հետո Արցախում ու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակին ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերին։

Դեսպան Կաժոյանը նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները։

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի նախագահ տիկին Ֆամ Լան Դունգի միջև հանդիպմանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և դեսպանության քարտուղար Նգույեն Տամը, իսկ վիետնամական կողմից Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ տիկին Մեյ Թհի Հոնգ Տամը և արտաքին կապերի վարչության ներկայացուցիչ պարոն Նգույեն Թհե Քուանը։

  • Կիսվել: