երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին

Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին

Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում անցկացնելը եւ գույքահարկը, որովհետեւ սրանք միմյանցից տարբերվող երեւույթներ են: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ:

«Ոնց որ քաղաքացին գնա բժշկի՝ բուժում ստանալու ակնկալիքով, բժիշկն ասի՝ գույքահարկդ կամ եկամտահարկդ չես վճարել, չեմ բուժում: Կամ գնա կադաստր այլ հարցով, ասեն՝ չենք սպասարկում քեզ, որովհետեւ գույքահարկը չես վճարել: Սա եղել է գույքահարկը վճրելու ստիպողական գործիք, բայց պետք է աշխատել այն ուղղությամբ, որ հարկերը վճարելու մշակույթ ձեւավորվի: Մենք այդեն այդ գործընթացի մեջ ենք, քաղաքացին գիտի, որ իր մեքենայի գույքահարկը պետք է վճարի: Շատ ավելի լավ կլինի, եթե հնարավորություն տանք ամսական մարելու նաեւ, ամիս-ամիս իր հայեցողությամբ այդ մարումն իրականացնի:

Ինչ վերաբերում է տեխզննության անցկացման դրությամբ գույքահարկը մարելուն, ինչպես փոխնախարարն առաջարկեց, այսինքն եթե ասենք, ապրիլին է գնացել տեխզննության, մինչեւ ապրիլ ընկած հատվածի համար եւս մարի գույքահարկը, սա կարծում եմ՝ եւս ճիշտ չի: Քաղաքացին ինքը պետք է որոշի՝ երբ իր վճարումները կատարի: Այլ հարց է նախորդ տարվա չկատարած պարտավորությունները ստիպել, որ մարի»,-ասաց Զենյալյանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման։ Ընդդիմադիր պատգամավորներից ոչ մեկը նիստին ներկա չէր։

  • Կիսվել: