շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ վարչապետ

Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ վարչապետ

Սույն թվականի հունվարի 26-ին  Թբիլիսիում տեղի ունեցած՝ ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական  հանձնաժողովի 13-րդ նիստի ընթացքում Հայաստանի ու Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին համատեղ հռչակագիրը, որը հավակնոտ հեռանկար է ուրվագծում բոլոր բնագավառներն ընդգրկող մեր երկկողմ հարաբերությւոնների հետագա զարգացման համար։ Այս մասին այսօր Հայաստանի ու Վրաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի  գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր ու անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Այսօր քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները։ Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը  ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանում կայունության ու փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից»:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու լուրին։ Նա տեղի ունեցածը համարեց կարևոր իրադարձություն։

«ՀՀ-ն սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումներին։ Հանդիպման ընթացքում գործընկերոջս եմ ներկայացրել տարածաշրջանային գործընթացնրի վերաբերյալ մեր ընկալումները ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և ընթացիկ վիճակը։ Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է  տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու  գործի իր բաժին պատասխանատվությունը։

Ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները։ Ընդգծել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի ետ հարաբերությունների կարգավորման գործընթացում  արդեն հայտնի  երեք սկզբունքների հիման վրա: Մենք գիտենք ու տեսնում ենք, որ Վրաստանը ոչ միայն հետաքրքրված է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ,  այլև գործուն քայլերով փորձում է  նպաստել այդ գործընթացին,  ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել  Վրաստանի մեր գործընկերներին»,- ասաց նաԼ

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում։

  • Կիսվել: