հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քերոլայն Քոքսը բաց նամակ է ուղղել ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին

Քերոլայն Քոքսը բաց նամակ է ուղղել ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին

Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ Հայաստանում եվրոպական ընտանիքի գագաթաժողովի նախօրյակին բաց նամակ է տարածել և միջազգային հանրության ուշադրությունը սևեեռել երկու կարևոր հանգամանքների վրա՝

ա․ Բաքվում հալածվող հայ քաղաքական բանտարկյալներ, պահվող անձինք,

բ․ Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող հակասահմանադրական արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ գրառմանը կից ներկայացնելով բաց նամակը:

Նամակում  Քերոլայն Քոքսը բարձրացրել է  Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների խնդիրը,   կոչ է արել ապահովել նրանց ազատ արձակումը՝ «որպես արդար և կայուն խաղաղության նախապայման»։

«Իմ առաջին մտահոգությունը վերաբերում է Հայաստանի և Արցախի պատանդառված անձանց և ռազմագերիներին, որոնք մինչ օրս մնում են Ադրբեջանում գերության մեջ։

Տեղեկություններ կան, որ նրանցից շատերը ենթարկվում են վերաբերմունքի, որը հակասում է Եվրոպական միության օրենքներին և կանոններին՝ կապված գերության մեջ գտնվողների նկատմամբ վերաբերմունքի և արդար դատաքննության իրավունքի հետ։

Ես չեմ կարծում, որ նման հարցերը կարող են անտեսվել։

Հաճախ է ասվում, որ «խաղաղություն չի կարող լինել առանց արդարության», և հույս եմ հայտնում, որ այս խոսքերը բոլոր նրանց մտքում են, ովքեր ներգրավված են Հայաստանի ապագայի կերտման գործում։ Կրկնում եմ՝ անցյալը չի կարելի պարզապես անտեսել կամ ջնջել։  

Հարգանքով կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ գործընկերներին՝ ապահովել, որ այս մոտեցումը դառնա առաջնահերթություն։

Տևական արդարության և խաղաղության, ինչպես նաև համագործակցության ընդհանուր նպատակները, անկասկած, պահանջում են, որ Եվրոպական միությունն էլ այս հարցին առաջնահերթություն տա»,- նշված է նամակում։

  • Կիսվել: