շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քարոզարշավը և քվեարկության ընթացքը խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության կենթարկվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Քարոզարշավը և քվեարկության ընթացքը խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության կենթարկվեն. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 77 պատգամավոր:  

Նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարությունը տեխնիկական մի քանի առաջարկներ է ներկայացրել, որոնք ընդունվել են: Նա նշեց, որ իր առաջարկությամբ նախագծից հանվել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու մասին դրույթը: Ըստ Հովակիմյանի՝  այդ դրույթի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ, մասնավորապես՝ այն կարող է երկակի մեկնաբանությունների կամ տարընթերցումների տեղիք տալ: 

Հեղինակը հայտնեց, որ նախագծում լրացվել է նաև, որ լռության օրը և քվեարկության օրը համացանցով քարոզչություն կատարելու համար նույնպես վարչական տույժ է սահմանվում: 

Նախագծով առաջարկվում է ընտրական գործընթացի խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսել տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքը: Այլ կերպ ասած՝ եթե քվերարկության ամփոփման ժամանակ խոչընդոտում են, և դրա արդյունքում հետագայում քվեարկության արդյունքները ճանաչվում են անվավեր, խոչընդոտողներն ավելի խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն, քան այն դեպքերում, երբ ուղղակի են խոչընդոտում ընտրական գործընթացը, ու դա չի ազդում քվեարկության արդյունքների ամփոփման վրա: 

Մեկ այլ փոփոխությամբ՝ քրեական պատասխանատվության կենթարկվեն քարոզարշավը խոչընդոտողները:

Առաջարկվում է առանձին պատիժ նախատեսել տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար: 

  • Կիսվել: