երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քարոզարշավ օր 9. ավտոերթեր, քայլերթներ ու հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները

Քարոզարշավ օր 9. ավտոերթեր, քայլերթներ ու հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արշավները

Ավտոերթերից մինչև հանրահավաքներ․ քաղաքական ուժերը շարունակում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավները։

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինեն Արարատի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպում կունենան բնակիչների հետ 14։00-ին՝ Մասիս քաղաքում, ապա 16։00-ին՝ Ավշարում, 17։00-ին՝ Արարատում, 18։00-ին՝ Վեդիում։ Ժամը 19։30-ին հանրահավաք կանցկացվի Արտաշատի թատրոնամերձ հրապարակում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 9-րդ օրը մեկնարկելու է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու սկզբնամասում ժամը 11:00-ին։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։

«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչները վաղ առավոտից առանձին խմբերով շրջայցեր կկատարեն Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Դաշինքի անդամների մի մասն էլ ժամը 15։00-ին կայցելի Կոտայքի մարզ՝ քաղաք Աբովյան։ 19։00-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ Հայկ Բժշկյանի (Գայ) արձանի մոտ հավաք կիրականացնեն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ժամը 07։30-ին Հանրապետության հրապարակից ավտոերթ է սկսել դեպի Սյունիքի մարզ։ Ժամը 11։00-ին նրանք կլինեն Սիսիանում, 12։00-ին՝ Գորիսում, 16։00-ին՝ Ագարակում, 16։30-ին՝ Մեղրիում, 17։30-ին՝ Քաջարանում, իսկ 19։00-ին՝ Կապանում։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 15-ին լինելու է Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ին նրանք կլինեն Եղեգնաձորում, ապա 13։00-ին՝ Վայքում, իսկ 15։00-ին՝ Ջերմուկում։ Ժամը 20։00-ին կուսակցության ներկայացուցիչները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի քաղաքային այգում։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 13։00-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հաղթանակ թաղամասում գտնվող Նորիկ Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոցում հանդիպում կունենա բնակիչների հետ։

«Միասնական Հայրենիք» կուսակցությունը հունիսի 15-ին հանդես կգա մամուլի ասուլիսով, որը տեղի կունենա ժամը 12։00-ին։ Բանախոսը կլինի կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկել է հունիսի 11-ին ժամը 08:00-ին և տևել մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

  • Կիսվել: