երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քանի դեռ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը ձախողել է․ Մամիջանյան

Քանի դեռ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը ձախողել է․ Մամիջանյան

Առաջ Փաշինյանն ահագին էներգիա և ռեսուրս էր ծախսում, մեր քաղաքացիներին խաբելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Նրա ստերը բավականին խրթին էին, պատճառահետևանքային կապ էր փորձում ներկայացնել, հիմա Փաշինյանի և «Perfect TV»-ի խոսույթը նույնն է, ինչն անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների հանդեպ: Սրա պատասխանը քաղաքացիները պետք է տան:

Եթե մեր հայրենակիցները շրջափակված Արցախում ունակ են եղել իրենց ձայնը լսելի դարձնել թե Արցախի իշխանությունների, թե աշխարհի եւ առաջին հերթին մայր Հայաստանի համար, ապա մեր հայրենակիցները պետք է Արցախին ու աշխարհին պատասխանել, որ Հայաստանում կա մի մարդ եւ մի խմբակ, որոնք պատրաստ են Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Ամենատարբեր հարցումների արդյունքում տեսանելի է, որ Հայաստանի 89-90 տոկոսը չի ենթադրում անգամ, որ Արցախը կարող է երբեւէ հայտնվել Ադրբեջանի կազմում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ 2021-ին քաղաքացիները նորից ընտրեցին ՔՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին, Մամիջանյանը նկատեց. «Այդ ժամանակ ժողովրդին խոստացվել էր երկու բան՝ խաղաղության դարաշրջան, եւ որ Ղարաբաղի հարցը լուծվելու էր հիմնարար սկզբունքների հիմքի վրա: մենք հիմա կիլոմետրերով հիմնարար սկզբունքներից հեռու ենք:

Դրանից 1,5 ամիս հետո ես պահանջել եմ, որ Արարատ Միրզոյանի ամբիոնից հայտարարի, որ Շուշին, Հադրութը ու հարակից մնացած հայկական բնակավայրերը օկուպացված են, նա դրանից խուսափել է:

Հիմա բոլոր այն մարդիկ, որոնք ինձ հարցնում են՝  իսկ գուցե Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում լա՞վ բանակցի, ես հակադարձում եմ հետևյալը՝ Արարատ Միրզոյանը Երևանի կենտրոնում՝ ԱԺ ամբիոնից վախենում է ասել, որ Շուշին ու Հադրութը օկուպացված են: Դե թող գնա բանակցի ինչ ուզում է», - նշեց նա:

Հարցին, թե Հայաստանում այսօր կա՞ ընդդիմություն, Մամիջանյանը պատասխանեց. «Քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը, ընդդիմությունը ձախողել է: Հա, ինչ-որ ձեռքբերումներ կան, փոքր հաղթանակներ եղել են, կապ չունի, քանի դեռ Փաշինյանը վարչապետի աթոռին է, ընդդիմությունը ձախողել է:

Ինչ վերաբերում է նրան՝ ընդդիմությունը միասնական է, թե ոչ, ես կարող եմ խոսել ՀՀԿ-ի անունից, որ ցանկացած քաղաքական, հասարակաքաղաքական միավոր, անհատ, ով իրապես ուզում է իրապես իշխանափոխություն, մենք պատրաստ ենք մեր ողջ ռեսուրսով աջակցել նրանց»:

Հարցին՝ հնարավո՞ր  է ընդդիմությունն ինչ-որ գործընթացներ սկսի՝ Մամիջանյանը պատասխանել է՝ հնարավոր է ամեն ինչ:

  • Կիսվել: