Քաղաքական մեծամասնությունն ընդդիմությանն ընդամենը կարող է առաջարկել առանց շատ խայտառակ լինելու վերադառնալ իրենց պարտականությունների կատարմանը. ՔՊ պատգամավոր
Մեր ընդդիմությունը, կարծես թե, հույսը կտրել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով կարողանալու է ժողովրդից ստանալ բավարար չափով քվե և ձևավորել քաղաքական մեծամասնություն: Փորձում է նման ձևերով՝ այս կամ այն հարցը մանիպուլացնելով և շահարկելով զավթել իշխանությունը, ինչը կարծես նրանց սովորությունների մեջ է, որովհետև առաջին դեպքը չէ, որ այս քաղաքական ուժերը փորձում են կոնկրետ, օրինակ՝ Արցախի հարցը շահարկելով իշխանություն զավթել և, թե հետո ինչպես են վարվում այդ իշխանության հետ՝ բոլորս տեսել ենք արդեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Հարցին, թե արդյոք մի քանի օր տևող ակցիաները հանրային լայն աջակցություն ստանո՞ւմ են, թե՞ չէ, Ջուլհակյանը պատասխանեց, որ ինքը չի տեսնում հանրային աջակցություն և, կարծում է, որ չի կարող լինել հանրային աջակցություն.
«Շատ պարզ պատճառով, որ մենք այս ամենը տեսել ենք պատերազմից անմիջապես հետո՝ մի քանի ամիս շարունակ և աջակցություն չի ստացել այդ գործելաոճն ու հռետորաբանությունը: Եվ, նաև ընտրություններ են տեղի ունեցել մի քանի ամիս առաջ և նրանք այն քաղաքական ուժերն են, որոնց վերաբերյալ ՀՀ քաղաքացին կայացրել է որոշում, որ նրանք պետք է լինեն ընդդիմություն և ոչ թե քաղաքական մեծամասնություն»,- նշեց Ջուլհակյանը:
Հարցին, թե արդյոք իշխանությւոնը կարող է որևէ բան առաջարկել ընդդիմությանը՝ կրքերն ավելի չբորբոքելու համար, Ջուլհակյանն ասաց, որ իշխանությունը պարտավոր է ամեն ինչ անել, որ ընդդիմության գործողությունները մնան օրինականության շրջանակներում:
«Քաղաքական մեծամասնությունն ընդդիմությանն ընդամենը կարող է առաջարկել առանց շատ խայտառակ լինելու վերադառնալ իրենց պարտականությունների կատարմանը, այն է՝ Ազգային ժողով»,- շեշտեց Արուսյակ Ջուլհակյանը: