հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պուտինը Թուրքիային դուրս է մղում Լեռնային Ղարաբաղից. Свободная Пресса-ի անդրադարձը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը

Պուտինը Թուրքիային դուրս է մղում Լեռնային Ղարաբաղից. Свободная Пресса-ի անդրադարձը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը

«Սվաբոդնայա Պրեսան» հրապարակել է հոդված, որի հեղինակ վերլուծաբան Վիկտոր Սոկիրկոն անդրադարձել է երեկ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած եռակողմ հանդիպմանը:

«Երկու անհաշտ թշնամիներ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել են Կրեմլ՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով վերջերս դադարեցված (առնվազն կասեցված) զինված հակամարտությունը Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղում և մի շարք փոխադարձ պահանջները՝ հանդիպումը կարող էր տեղի չունենալ: Այնուամենայնիվ, ինչպես նշվեց, Մոսկվայում ղեկավարները «քննարկել են ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու և զարգացնելու խնդիրները»:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Մոսկվան էր նախաձեռնել Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումը: Դրանից հետո ռուս խաղաղապահները մտցվեցին հակամարտության գոտի: Կրեմլին հաջողվեց առանձնացնել պատերազմող կողմերին՝ հասնելով հիմնական նպատակին՝ դադարեցնել կրակը և ցանկացած հարձակողական գործողություն: Միևնույն ժամանակ, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը բազմաթիվ փոխադարձ պահանջներ ունեն: 

Ըստ հոդվածագրի՝ այստեղ առաջին բանը, որ պետք է հաշվի առնել այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որն ակտիվորեն փորձում է մասնակցել այս գործընթացին, չի եղել բանակցությունների մասնակիցների թվում: Եվ դա լուրջ ճնշում է գործադրում (օժանդակության և հովանավորչության քողի տակ) Ադրբեջանի ղեկավարության և անձամբ նախագահ Ալիևի վրա: 

Բացի այդ, Պուտինը և Էրդողանը վերջերս մի քանի անգամ հեռախոսով քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը, բայց հետո նրանք կոնկրետ գործողություններ չեն ձեռնարկել: Անկարային հաջողվել է հասնել միայն Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկող համատեղ կենտրոն ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրմանը: Այնուամենայնիվ, այս կենտրոնը դեռ տեղակայված կլինի Ադրբեջանի, այլ ոչ թե հենց Ղարաբաղի տարածքում, ինչը նշանակում է թուրքական ազդեցության որոշակի սահմանափակում:

Պուտինը նույնպես չի հրավիրել Էրդողանին ընթացիկ բանակցություններին ՝ այսպիսով շեշտելով, որ քննարկված Ղարաբաղյան հիմնախնդիրը բոլորովին չի վերաբերում Թուրքիային: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության նախագահը կատարել է բավականին խելացի քայլ. նախօրեին հեռախոսազրույցում նա քննարկել է առաջիկա եռակողմ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այսինքն՝ այս կերպ նա ցույց տվեց, որ Ռուսաստանը ոչ թե փորձում է միակողմանի լուծել ղարաբաղյան խնդիրը, այլ դա անում է այլ երկրների հետ համագործակցության շրջանակներում:

Հոդվածում հեղինակը նկատում է նաև, իմանալով Մակրոնի ու Էրդողանի թշնամական հարաբերությունների մասին, որ  Պուտինը, այդպիսով, կտրել է Թուրքիայի նախագահին Ղարաբաղի հարցով ցանկացած բանակցային գործընթացին մասնակցելու հնարավորությունից: Եվ, ինչպես Կրեմլն անմիջապես նկատեց, Ֆրանսիայի ղեկավարը սատարել է Ղարաբաղյան կարգավորումը խթանելու Ռուսաստանի ջանքերին: Թուրքիայի ազդեցության մասին խոսք լինել չէր կարող:

Անդրադառնալով Մոսկվայում ընթացիկ հանդիպման ձևաչափին, որում նշվում է բախումներից տուժած բնակչությանը մարդասիրական օգնության մասին ընդհանուր արտահայտությունների մասին, հեղինակը մանրամասնում է՝ իրականում, եթե դա կարելի էր անցկացնել հեռախոսային խոսակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, Պուտինը պնդում էր Ալիևի ու Փաշինյանի հետ անձնական հանդիպումը: 

Ըստ հեղինակի՝ կարելի է նշել, որ կայացած հանդիպումը Պուտինի առաջին անձնական հանդիպումն էր օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ այս տարի (վերջինը տեղի է ունեցել Սոչիում նոյեմբերի 12-ին Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի հետ), ինչն ընդգծում է նրա հետաքրքրությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչն էլ, իր հերթին, նշանակում է տարածաշրջանում ռուսական ազդեցության ուժեղացում:

Եռակողմ հանդիպմանը նտեսական և հումանիտար բնույթի հնչեցված թեմաներից բացի, ամենայն հավանականությամբ, քննարկվել են սահմանների ու այսպես կոչված միջանցքների՝ Լաչինի հարցը, որը կապում է Ղարաբաղը Հայաստանի հետ և Նախիջևանը, որը կկապի այս ինքնավար մարզը Ադրբեջանի տարածքի հետ:

Նշենք՝ ավելի քան 900 կիլոմետր երկարությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանն ունի հատուկ կարգավիճակ: Տեղակայված էին ղարաբաղյան բանակի մարտական ստորաբաժանումներ, որոնք Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի սահմանապահ զորքերի հետ միասին ապահովում էին չճանաչված հանրապետության սահմանի պաշտպանությունը: Սակայն այնտեղ ներկա էին նաև ռուս սահմանապահները: 2017 թվականից նրանք համատեղ վարժանքներ են իրականացնում հայ գործընկերների հետ:

Որո՞նք են այս զորավարժությունների առանձնահատկությունը: Ըստ հեղինակի՝ դրանք գործնականում ճնշել են Իրանից սահմանը խախտողների ներթափանցումը (20 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ ապրում են այս երկրի սահմանամերձ շրջաններում), որին հետևում էին հետապնդումները Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այսինքն՝ այստեղ գործում էին մասամբ ռուս սահմանապահները: Միևնույն ժամանակ, նրանք պաշտոնապես չէին պահպանում Ղարաբաղի սահմանը Իրանի հետ (երկարությունը մոտ 100 կիլոմետր է), և Ադրբեջանի հետ սահմանը:

Այժմ Հայաստանում ռուս սահմանապահների թիվն ավելացել է նախկին 4,5 հազարից 5 հազարի ՝ երկու այսպես կոչված միջանցքների պաշտպանության համար իրենց վրա դրված լրացուցիչ պարտականությունների արդյունքում: Նման դրույթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրման ժամանակ: Հավանական է, որ այժմ պահանջվի շատ ավելի մեծ քանակ ՝ հաշվի առնելով Նախիջևանի միջանցքի պաշտպանությունը:

Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Մարզը սահման ունի Թուրքիայի հետ: Այն մի փոքր հատված է`մոտ 10 կիլոմետր Արաքս գետի երկայնքով և ուղիղ ճանապարհային կապերով: Թուրք զինվորականները այնտեղ մշտական հյուրեր են և չեն շտապում հեռանալ տարածաշրջանից՝ ադրբեջանցիների հետ հերթական համատեղ զորավարժություններից հետո: Հավանաբար, այնտեղ էին տեղակայված նաև թուրքական «Ֆ-16» կործանիչները, որոնք կիրառվել էին վերջին պատերազմի ընթացքում:

Հենց Նախիջևանի տարածքից էր, որ ռուսական «Մի-24» ուղղաթիռը խոցվեց նոյեմբերի 9-ին՝ եռակողմ համաձայնագրի ստորագրման նախորդ օրը: Դրանից հետո Բաքուն անմիջապես իր վրա վերցրեց մեղքը, ցավակցություն և փոխհատուցում վճարելու պատրաստակամություն հայտնեց: Միևնույն ժամանակ, նա չհայտնեց որևէ տեղեկություն ողբերգությունում ներգրավվածների մասին՝ չնայած Մոսկվայի խնդրանքներին: Որոշ ենթադրությունների համաձայն՝ այն կարող էր լինել հենց թուրքական, այլ ոչ թե ադրբեջանական:

Այստեղ կարելի է ենթադրել, որ Մոսկվայում ընթացիկ հանդիպմանը, քննարկելով երկու միջանցքների և սահմանների անվտանգության ապահովման թեման, Պուտինը պնդել է այնտեղ թուրք զինծառայողների իսպառ բացակայությունը: Պատահական չէ՞ր, որ նա «դուրս մղեց» Էրդողանին բանակցային գործընթացից:

Միևնույն ժամանակ, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի Ամանորի նախաշեմին Բաքու կատարած այցը կապված էր «թուրքական հարցի» վերաբերյալ Ալիևին ուղղված որոշ նախազգուշացումների հետ:

Ամեն դեպքում, Ղարաբաղի հարցով Պուտինի՝ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման փաստը կարող է վկայել Ռուսաստանի դերի ուժեղացման մասին Անդրկովկասում: Եվ դա կծառայի, թեկուզ մասնակի, բայց այս տարածաշրջանում Մոսկվայի ազդեցության վերականգնմանը, եզրափակում է հեղինակը:

  • Կիսվել: