«Փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում». Քոչարյանը՝ 9 մլրդ դոլարի շուրջ աղմուկի մասին
Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում։ Այս մասին «5–րդ ալիքի» եթերում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով 9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկի մասին:
«Այն, ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի։ Ընդամենը երկկողմ հայտարարություն է ստորագրվել, որ ավարտել բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Մի լրացուցիչ պայմանագիր, որին անդամ ենք դառնում, բայց դա չի նշանակում ներդրում, որեւէ խոստում չկա, որ ատոմակայան կկառուցվի Հայաստանում։ Ընդամենն առաջ է մղում ԱՄՆ–ն իր տեխնոլոգիան, դա նորմալ է, որ ղեկավարը փորձի իր երկրի տեխնոլոգիաններն առաջ մղել դեպի այլ երկրների շուկաներ»,-նշել է նա:
Ըստ Քոչարյանի՝ ԱՄՆ–ն փորձ էլ չունի նման ատոմակայան կառուցելու այլ երկրում, միայն Ռուսաստանն է, որ այս պահին դրսում կառուցում է 5-6 այդպիսի ատոմակայան։ Ավելին, ըստ Քոչարյանի, Միացյալ Նահանգներում կառուցված վերջին ատոմակայանն էլ բավականին թանկ է նստել երկրի վրա։ Ստացվում է, որ եթե լինի 9 մլրդ դոլարի ներդրումը, դա կլինի պարտք ՀՀ քաղաքացիների վրա, ինչպես նաեւ կանդրադառնա հոսանքի սակագնի վրա։
«Սա բիզնես է, բարեգործություն չի, եթե կարող ես ստեղծել հինգ անգամ էժան նույն որակի ատոմակայան, ստացվում է՝ դու քաղաքացիների վրա հինգ անգամ պակաս բեռ ես դնում։ Նախարարն ասում է՝ միջուկային էլեկտրաէներգիան հնարավորություն կտա գիշերվա ցերեկվա ռեժիմները կարգավորել, եթե մտածում եք՝ ատոմակայանը կարող է գիշերվա ցերեկվա ռեժիմների կարգավորման առարկա դառնալու, դու պայթեցնելու ես այդ ատոմակայանը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր ՀՀ էներգետիկ ոլորտում 9 մլրդ դոլար ներդրում անելու մասին:


