կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Փոփոխություններից հետո գյուղը ցնցումների է գնալու»․ Ախուրյանի փոխհամայնքապետը՝ համայնքապետի հրաժարականի մասին

«Փոփոխություններից հետո գյուղը ցնցումների է գնալու»․ Ախուրյանի փոխհամայնքապետը՝ համայնքապետի հրաժարականի մասին

Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանի հրաժարականը անակնկալ էր նաեւ ինձ համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետի տեղակալ  Վարդան Իկիլիկյանը։

«Ընտրությունների երկրորդ օրվանից ՔՊ-ն ձգտում էր իշխանության։ Հիմա թե իրականում համայնքապետն իսկապե՞ս առողջական վիճակով պայմանավորված է հրաժական տվել, թե՞ ոչ, ես չգիտեմ, որովհետեւ նա մեզ այդ առնչությամբ բացատրություն չի տվել։ Մեզ համար էլ էր անակնկալ»,- ասաց Իկիլիկյանը:

Համայնքապետի տեղակալն ասաց, որ համայնքում կանցկացվեն նոր ընտրություններ․ «Համայնքում ոչ մի լուրջ խնդիրներ չկային, որի համար արժեր փոխել ղեկավարությանը։ Ամենաշատ գյուղական ծրագրերից Ախուրյանն ուներ, այնպես չէր, որ ամեն ինչ վատ էր։ Ցանկացած փոփոխություններից հետո բնականաբար գյուղը ցնցումների է գնալու»։

Նշենք, որ Ախուրյան համայնքում տեւական ժամանակ ներքաղաքական լարված դրություն է։ Ախուրյանում իշխանությունը ձեւավորվել է «Հաղթանակ» եւ «Ախուրյան» դաշինքների կոալիցիայով: Արծրուն Իգիթյանը 14 ձայն էր ստացել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ալբերտ Այվազյանը՝ 13 ձայն։

Ավելի վաղ Իգիթյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն զբաղված է ավագանու անդամեր «փախցնելու» գործով: Համայնքի ավագանու անդամներ՝ Սամսոն Հովհաննիսյանը, Արիստակես Չալոյանը դիմում էին ներկայացրել համայնքապետ Արծրունի Իգիթյանին՝ «Ախուրյան» դաշինքը լքելու մասին: Ավագանու մի անդամ էլ՝ Մանուկ Առաքելյանը, դիմում էր ներկայացրել «Հաղթանակ» դաշինքը լքելու մասին:Նրանք ցանկություն էին հայտնել մնալ ավագանու անկախ անդամներ։

Նշենք, որ Ախուրյանի համայնքապետ, ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա նշել է, թե հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառն իր առողջական վիճակն է:

  • Կիսվել: