հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փոխվարչապետն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Փոխվարչապետն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, ովքեր իրականացնում են Հայաստանի սուվերեն վարկանշման գործընթացը, տեղեկացնում են կառավարությունից:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կողմից կատարված և կատարվելիք աշխատանքը՝ մեծ նշանակություն տալով միջազգային հեղինակային կազմակերպությունների կողմից երկրի կարևորագույն ոլորտներում առկա իրավիճակի վերլուծությունը և գնահատումն իրականացնելու գործընթացին:

«Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով` փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության առաջ քաշած առանցքային բարեփոխումների շրջանակը: Մհեր Գրիգորյանը խոսել է նաև կապիտալ շուկայի զարգացման կարևորության մասին՝ նշելով, որ դա հանդիսանում է Կառավարության ամենօրյա օրակարգի հարցերից մեկը:

Փոխվարչապետը ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում ակնկալվող բարեփոխումների հիմնական շրջանակը՝ որպես առաջնային խնդիր առանձնացնելով գործառույթների ճիշտ ալգորիթմերի ձևավորումն ու թվայնացումը: Անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականությանը, ինչպես նաև պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ, փոխվարչապետը նշել է մեր երկրի առավելություններն ու տնտեսության զարգացման հնարավորությունները:

  • Կիսվել: