ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոխնախարար. Պահանջը վերաբերում է բաց տարածքներում դիմակ ունենալուն, ոչ թե կրելուն

Փոխնախարար. Պահանջը վերաբերում է բաց տարածքներում դիմակ ունենալուն, ոչ թե կրելուն

Խորհրդարանում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները հետաքրքվեցին, թե ինչպե՞ս է տեղի ունենալու դիմակի մասով խախտում անող քաղաքացուն տուգանելու գործընթացը, ինչին ի պատասխան Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ լիազոր մարմինը ոստիկանությունն է:

Ըստ նրա, ոստիկանությունը վարչական վարույթ է  իրականացնելու, անդրադառնալու է բոլոր հարցերին:

«Շատ կարևոր է հանգամանքը՝ ունի արդյոք անձն այդ պահին անձը հաստատող փաստաթուղթ, թե՝ ոչ: Եթե այն կա, արձանագրությունը կարող է տեղում կազմվել, իսկ եթե ոչ, ապա, երբ որ արդեն կունենա անձը հաստատող փաստաթուղթ, այդ դեպքում կկազմվի արձանագրությունը: Տուգանվելը լինելու է միայն անձի ինդենտիֆիկացիայից հետո»,- ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավր Գայանե Աբրահամյանն էլ հարցրեց՝  եթե տվյալ քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չլինի, նրան բերման են ենթարկելո՞ւ. «որպեսզի տեղում հասկանան, թե ով է տվյալ անձը, նույնականացում իրականացնեն: «Այդ դեպքում գուցե անհրաժե՞շտ է կրկին ասել, որ քաղաքացիները միշտ ունենան անձը հաստատող որևէ փաստաթուղթ»,- ասաց պատգամավորը:

Փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ կարևորը քաղաքացու առողջությունն է, դրա համար սահմանում են դիմակ ունենալ պարտադիր պահանջ:  

«Բայց կարծում եմ, որ այս քննարկումներն անձանց տեղեկացնում են, որ անհրաժեշտություն կա անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, եթե անձը դիմակ չունի: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ավելի հնարավոր է ապահովել դիմակի առկայության պահանջը մեր քաղաքացիների համար, քան դրա բացակայության դեպքում ապահովել անձը հաստատող փաստաթուղթ, որ անձինք ենթարկվեն պատասխանատվության և խնդիրներ չստեղծեն նաև ոստիկանության համար»,-նշեց Վահե Դանիելյանը։

Նա նաև նշեց, որ ինքնաշեն դիմակները ևս թույլատրելի են:

Փոխնախարարը նաև վերահաստատեց, որ դիմակի պահանջը վերաբերում է բաց տարածքներում ուղղակի դրանք ունենալուն, այլ  ոչ թե կրելուն, երբ փակ տարածք մտնի անձը, ունենա այդ դիմակը։

  • Կիսվել: