հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՌԴ. գործարկվել է «Ճանապարհորդում եմ առանց Քովիդ-19-ի» ծրագիրը

Փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՌԴ. գործարկվել է «Ճանապարհորդում եմ առանց Քովիդ-19-ի» ծրագիրը

«Փետրվարի 1-ից կվերսկսվի ՌԴ-ի հետ երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը»,- Կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեռ նախորդ տարվանից մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ: Դա որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր, քանի որ մեր շատ հայրենակիցներ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Գործարկվում է «Ճամփորդիր՝ առանց Քովիդ-19-ի» ծրագիրը, որի վերաբերյալ Հայաստանի և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ»,- նշեց վարչապետը:

Կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճանփորդել դեպի ՌԴ՝ նշեց վարչապետը՝ հավելելով, որ այն պիլոտային ծրագիր է, և ժամկետը մինչև մարտի 1-ն է: Ըստ Փաշինյանի, սակայն, այն կշարունակվի, քանի որ նախնական փորձարկումը նույնպես հաջող է անցել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների հետ աշխատանքն արդեն կոնկրետ արդյունք է տվել. ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որին կցվել է մի քանի լաբորատորիա: 

Քաղաքացին բջջային հեռախոսում ներբեռնելով «Ճանապարհորդում եմ՝ առանց Քովիդ-19-ի» հավելվածը, որտեղ կան բոլոր լաբորատորիաները, թռիչքից 72 ժամ առաջ մոտենում է դրանցից մեկին, թեստ հանձնում, և դրական արդյունքի դեպքում հավելվածում կանաչում է քաղաքացու ազատ տեղաշարժի հնարավորությունը: Թեստի արդյունքները QR կոդով անցկացվում են հավելված:

  • Կիսվել: