ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Մանուկյան

Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար. Մանուկյան

Գերիների հարցն իրոք բարդ է, բայց մեզ կարող է օգտակար լինել այդ հարցում Ռուսաստանը, երկրորդը՝ միջազգային կազմակերպություններն են, որոնց պետք է ներգրավել, երրորդը` Հայաստանի ղեկավարությունն է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Այս մասին Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայրենիքի փրկության» շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է այդ գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար, նա նրանց գերի չի համարում, նրանց ցանկանում է դատել: Բայց եթե  երկրի ղեկավարը կպած լիներ գործին, իմ կարծիքով՝ այդ հարցը հիմնականում կարելի էր լուծել»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը նկատեց, որ նախկինում բոլոր նախագահները, որոնք Ղարաբաղյան շարժումը ղեկավարում էին, ղարաբաղյան հարցի լուծումը հստակ պատկերացնում էին, թե ինչ էին ուզում և մաքսիմում, որ կարող էինք ունենալ, Արցախի անկախություն, միգուցե միացրած Շահումյանը և անմիջական կապ Հայաստանի հետ:

«Ցավն այն է, որ ոչ մեկը իշխանությունից դա չի ներկայացրել, իսկ ոչ մի թիզ հող նշանակում է ոչ մի բանակցություն, նշանակում է պատերազմ»,-ասաց նա:

 

  • Կիսվել: