երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պետական կառավարման համակարգում միջին վարձատրությունը, ներառյալ պարգևատրումները, կազմում է 360 հազար դրամ

Պետական կառավարման համակարգում միջին վարձատրությունը, ներառյալ պարգևատրումները, կազմում է 360 հազար դրամ

Պետական կառավարման համակարգում աշխատակիցների ամսական վարձատրության միջին չափը կազմում է 360 հազար դրամ՝ ներառյալ պարգևավճարները: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Բաբկեն Թունյանի` պարգևավճարների մասին հարցին:

Անդրադառնալով թվային ցուցանիշներին՝ նախարարի պաշտոնակատարն ասաց. «Պետական կառավարման համակարգում աշխատակիցների հանրագումարային հատուցման միջին ցուցանիշը 360 հազար դրամ է»:

Նա նկատեց, որ 2019-ին և 2020-ին ամենաքննարկվող հարցերից է եղել պարգևավճարների հարցը: Ջանջուղազյանը կրկին անդրադարձավ տրամաբանությանը, ներկայացրեց, թե ինչ տրամաբանություն էր առկա մինչև 2019 թվականը: «Մենք ունեինք պատմականորեն զարգացման տարբեր փուլերում ձևավորված վարձատրության ոչ միասնական համակարգ, որովհետև մի կողմից օրինակ կար Ֆինանսների նախարարություն, որի համար մոտ 20 տարի բյուջեի մասին օրենքով նախատեսվում էր պարգևատրման առանձին տող, և կային պետական մարմիններ, որոնք չունեին պարգևատրման համար առանձին տող նախատեսված՝ ոչ միայն բյուջեում, այլ նաև՝ մինչև ԱԺ-ի կողմից 2019-ին արտաբյուջետային հաշիվների գործողությունը դադարեցնելու վերաբերյալ օրենքներում փոփոխությունների ընդունումը, այլընտրանքային աղբյուր չունեին, որը հանդիսանում էր արտաբյուջեն»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա ներկայացրեց, որ արտաբյուջետային հաշիվները ձևավորվում էին տարբեր զարգացումների արդյունքում, օրինակ՝ մի դեպքում ՊԵԿ-ի հարկային մասում ստուգումների արդյունքում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների ինչ-որ տոկոս, մյուս դեպքում՝ ՊԵԿ-ի մաքսային որոշ ծառայությունների համար որոշ տոկոս: Ջանջուղազյանը բերեց նաև ճանապարհային ոստիկանների պարգևավճարների օրինակը, երբ ստացել են՝ խախտումներ արձանագրելու համար:

«Ամբողջ խնդիրը նրանում էր, որ համակարգն ամենևին միասնական չէր, մի դեպքում կար հատուցման հնարավորություն՝ X չափի, մեկ այլ դեպքում՝ Y չափի: Եվ կային պետական մարմիններ, որտեղ ընդհանրապես որևէ լրացուցիչ հատուցման հնարավորություն չկար: Մենք բոլորս ժամանակի ինչ-որ պահի արձանագրեցինք, որ տարիների ընթացքում ձևավորել ենք պետական կառավարման համակարգ, որը շատ արդյունավետ չէ՝ նաև իր հաստիքների թվաքանակի ներգրավման տեսանկյունից: Վարձատրությունը պետք է համարժեք լինի»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նա խոսեց նաև մասնավոր և պետական համակարգերում վարձատրությունների տարբերության մասին: «Ինչ ճանապարհով ենք փորձել գնալ. փորձել ենք որպես միջանկյալ լուծում դիտարկել պարգևավճարների ինստիտուտը՝ ընդ որում միասնական մոտեցմամբ, ոչ թե տարբերակված: Բայց դրան վերաբերվել ենք որպես միջանկյալ՝ այն տրամաբանությամբ, որ մենք պետք է գնանք կառուցվածքի օպտիմալացմանը, կառուցվածքի մինչև վերջին աշխատատեղի նկարագրությանը հասնելով, որ համոզված լինենք, որ պետական կառավարման համակարգը տալիս է այն արդյունքը, ինչի համար կոչված է: Դրան տրամաբանորեն պետք է հաջորդեր և ընթացքի մեջ է յուրաքանչյուր գործառույթին հասնելը, նաև արդյունավետության բարձրացումը»,-ասաց Ջանջուղազյան ու հավելեց, որ դա հեշտ չէ:

  • Կիսվել: