շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Պեսկովը հերքել է, թե ՌԴ-ն չի ուզում Քելլոգին տեսնել ուկրաինական պատերազմի բանակցություններում

Պեսկովը հերքել է, թե ՌԴ-ն չի ուզում Քելլոգին տեսնել ուկրաինական պատերազմի բանակցություններում

NBC News-ը, վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի և ռուս պաշտոնյայի, հայտնել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը բացառվել է ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններից այն բանից հետո, երբ Կրեմլը հայտարարել է, որ չի ցանկանում նրան այնտեղ տեսնել։  

Ինչպես նշվում է՝ պաշտոնաթող գեներալը «կասկածելիորեն բացակայել է» Սաուդյան Արաբիայի գագաթնաժողովներից՝ թե՛ փետրվարին ռուս բանակցողների, թե՛ այս շաբաթ՝ ուկրաինացի բանակցողների հետ։

Ռուսական աղբյուրը պնդել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քելլոգին չափազանց ուկրաինամետ է համարել։ «Քելլոգը նախկին ամերիկացի գեներալ է, որը չափազանց մոտ է Ուկրաինային։ Նա մեր մարդը չէ, այն տրամաչափի չէ, որը մենք փնտրում ենք»,- ասել է ռուս պաշտոնյան՝ անանունության պայմանով:

Թրամփի վարչակազմի պաշտոնյան հաստատել է, որ Ռուսաստանը չի ցանկանում Քելլոգին ներգրավված տեսնել բանակցություններում։ Նա չգիտի, թե երբ է այս մասին տեղեկացվել Սպիտակ տանը։ Քելլոգի գրասենյակը չի պատասխանել մեկնաբանության հարցումներին:

Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այս տեղեկությունները։

Լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է. «Չեմ կարող հաստատել, հավանաբար, անհեթեթ կլինի մտածել, որ ռուսական կողմը կարող է միջամտել ամերիկյան ներքին գործերին։ Մենք որևէ մտադրություն չունենք։ Իսկ մենք ասում ենք, որ ցանկացած հարաբերություն պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա։ Եվ փոխադարձ հարգանքից ելնելով, իհարկե, մենք չենք խառնվի ամերիկացիների ներքին գործերին։ Իրենց որոշումն է՝ ում նշանակել, ում չնշանակել։ Հետևաբար՝ ո՛չ, ես դա ընդհանրապես չեմ կարող հաստատել»:

  • Կիսվել: