ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պայքարելու ենք, նաեւ ծավալելու ենք փողոցային պայքար․ Քոչարյան

Պայքարելու ենք, նաեւ ծավալելու ենք փողոցային պայքար․ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով  ժողովրդի մի զանգված հարմարվել է Ղարաբաղը հանձնելու հանգամանքի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա՝ նդրադառնալով դիտարկմանը, որ ընտրություններից հետո ինքը հայտարարել էր, որ խրամատավորվում են առաջին գծում, շարունակելու են իշխանափոխության պայքարը, եւ որ այս իշխանությունը 1,5 տարվա կյանք ունի:

«Իհարկե պայքարելու ենք եւ պայքարում ենք: Այդ 1,5 տարին բավական իրատեսական է: Պայքարելու ենք, այո նաեւ ծավալելու ենք փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք է հասուցնել, աշխատել նաեւ ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել: Դու չես կարող ակտիվ պայքար ծավալել առանց ժողովրդի ակտիվ ներգրավմամբ: Դա պետք է ապահովել նաեւ քարոզչական աշխատանքով նույն ժողովրդի հետ: Երբ ասում են՝ փողոցային պայքար, դա չի նշանակում, որ ասուլիսից հետո Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու փողոց, դրոշը վերցնի եւ ասի՝ մեկ ժամից հետո հավաքվում ենք փողոցային պայքարի համար:

Սա պրոցես է, որը պետք է գեներացնենք, եթե չկարողանանք, նշանակում է կամ ճիշտ  բառապաշարը չենք գտել ժողովրդի հետ շփվելու, կամ ժողովրդի մեծ մասը այս ամենը մարսել է: Այո, կարող է նաեւ այդպես լինի: Մեր նպատակը իշխանափոխություն է, այս մարդկանց տուն կամ ուրիշ տեղ ուղարկելը, որի համար պայքարելու ենք բոլոր հնարավորություններով»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց, որ բնական է, որ ընտրություններից հետո որոշակի անկում է լինում թեժ իրավիճակից, որոշ պաուզայից հետո նոր պրոցես է սկսվում բողոքի գեներացման: «Մենք այդ փուլի մեջ ենք: Փորձելու ենք եւ անելու ենք»,-ընդգծեց Քոչարյանը:

  • Կիսվել: