երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Պատիվ ունեմ»-ը Թովմասյանի լիազորությունների դադարեցման պարագայում հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու չի ներկայացնի

«Պատիվ ունեմ»-ը Թովմասյանի լիազորությունների դադարեցման պարագայում հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու չի ներկայացնի

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար նոր թեկնածու չի առաջադրի, եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին այդ պաշտոնից զրկելու նախագիծն ընդունվի:

Այս մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: 

Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ նման որոշման նախագիծը հիմնազուրկ է, որևէ փաստարկ չկա, որով կարող են այդ գործընթացը պաշտպանել: Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ քաղաքական տեսանկյունից ՔՊ-ի կողմից նման նախաձեռնության շարժառիթներն ակնհայտ են: 

«Մենք, բնականաբար, որևէ այլ թեկնածու չենք առաջադրելու»,-ասաց Աբրահամյանը: 

Ըստ նրա՝ Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնության առաջին շարժառիթը իշխանականների վրեժխնդրությունն է Թովմասյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ նրա, իշխանության համար խնդիր է եղել նաև այն, որ Թովմասյանը մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր գործունեությամբ շատ ավելի ակտիվ, արդյունավետ ու թիրախային է աշխատել՝ վերահանելով բազմաթիվ խնդիրներ բոլոր ոլորտների վերաբերող, բավականին մեծ աշխատանք է տարել նաև Արցախի հարցով մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

Աբրահամյանը շեշտեց՝ թեման իհարկե, խորհրդարանի ամենքննարկվող թեման է, սակայն ՀՀ քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը չէ՝ հորդորելով այդ թեմայի վրա շատ չկենտրոնանալ:

  • Կիսվել: