Պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը և Արթուր Գրիգորյանը հերքում են իրենց կողմից ԲՀԿ-ն լքելու մասին լուրերը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը և Արթուր Գրիգորյանը հերքում են իրենց կողմից ԲՀԿ-ն լքելու մամուլում շրջանառվող լուրերը: Այս մասին նրանք գրել են իրենց ֆեյսբուքյան էջերում:
«Վերջին ժամանակահատվածում որոշ շահագրգիռ շրջանակների կողմից ուղղորդվող լրատվականներ իրենց սուրբ պարտականությունն են համարում մամուլը ողողել իրենց հովանավորյալների կողմից երազանք դարձած սակայն իրականություն դառնալու միտում չունեցող մի լուրով, թե բա <<ԲՀԿ֊ն պառակտվել է>> կամ <<ԲՀԿ֊ն քանդվում է քանի որ բոլորը լքում են»,- գրել են նրանք` հերքելով իրենց կուսակցությունը լքելու մասին լուրերը։
Նշենք, որ այս լուրերը ակտիվացան պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կուսակցությունը լքելուց հետո: Ըստ InfoPort.am-ի ԲՀԿ աղբյուրների Բագրատյանը իր որոշումը կայացնելիս ոչ միայն այն չի քննարկել կուսակցության ղեկավարության հետ, այլև նույնիսկ այդ մասին տեղյակ չի պահել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Կուսակցությունում մինչ այժմ չգիտեն Բագրատյանի նման որոշման ստույգ պատճառները, սակայն մտածում են, որ որոշման հիմքում ընկած է Բագրատյանի նկատմամբ նրա մարզպետ եղած ժամանակ թույլ տված չարաշահումների հիմքով հարուցված քրգործը:
Նշենք, ոչ ինքը Բագրատյանը ևս հոդաբաշխ բացատրություն չի տվել իր ԲՀԿ-ից հեռանալու պատճառների մասին, սակայն հավաստել է, որ մանդատից հրաժարվել չի պատրաստվում: Հիշեցնենք, որ Բագրատյանը մեկն էր ԲՀԿ բազմաթիվ այն պատգամավորներից, որոնք մանդատը ստանալուց առաջ «ղազագիր եին» ստորագրել և հանձնել այն Ծառուկյանին: Բագրատյանի գրած «ղազագրում» մասնավորապես նշված էր, որ նա կլինի «ամենա անբարոյական մարդը, եթե իր քայլերում հակադրվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կամքին կամ որոշումներին»:


