չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արժե մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով կարողանանք բռնել Փաշինյանի ձեռքը. Օսկանյանը միացավ «ՀայաՔվե»-ին

Արժե մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով կարողանանք բռնել Փաշինյանի ձեռքը. Օսկանյանը միացավ «ՀայաՔվե»-ին

Ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել նրան, որ մենք կարողանանք հավաքականորեն բռնել Փաշինյանի ձեռքը, որ նան փաստաթուղթ չստորագրի, արժի դրան մասնակցել: Այս մասին, այսօր Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվոե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Սա կարեւոր նախաձեռնություն է, հուսով եմ՝ մեր ժողովուրդը կստորագրի: Դա կարեւոր է եւ իշխանություններին, եւ միջազգային հանրությանը հստակ ուղերձ հղելու, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ ընդունել այն, ինչ իշխանությունները փորձում են անել: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է, որ ԼՂ-ն ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս: Հակառակ դրան, իշխանությունները դա արհամարհում են: Նման նախաձեռնությունները, որ օրենքի ուժով կպարտադրեն՝ քրեականացնելով նման քայլը, շատ կարեւոր են:  Կոչ եմ անում բոլորին գալ եւ մասնակցել:»,-ասաց Օսկանյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի նախկին իշխանությունները հիմք ընդունելով մադրիդյան սկզբունքները, նաեւ Քի Վեսթյան բանակցությունները, ըստ էության, ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի մաս, Օսկանյանն ասաց. «Հայաստանի նախկին որեւէ նախագահ, իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել: Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչպես կմեկնաբանի, այդպիսի բան չի եղել: Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման բան ասել է եւ հիմա փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթեր: Դա պետք է թույլ չտալ, այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»:

Ինչ վերաբերում է այսօր ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, ԱԳ նախկին նախարարն ասաց. «Այսօր լրջագույն այլընտրանք կա  նրան, ինչը Փաշինյանը փորձում է անել: Հիմա փորձում են ներկայացնել, թե պատերազմն անխուսափելի էր: Ոչ միայն անխուսափելի չէր, այլեւ պատերազմը բացառված էր: Պատերազմը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին իր սխալների պատճառով: Դրա փաստերը բոլորի համար ակնհայտ է: Հիմա էլ նույնկերպ ասվում է, որ այն ինչ արվում է, դրան այլընտրանք չկա, ինչն այդպես չէ»,-ասաց Օսկանյանը:

  • Կիսվել: