ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաստաթղթերին ծանոթանալուց հետո դեմ չենք, որ վարչապետը գա 107 պատգամավորների ներկայությամբ հանդես գա. Օհանյան

Փաստաթղթերին ծանոթանալուց հետո դեմ չենք, որ վարչապետը գա 107 պատգամավորների ներկայությամբ հանդես գա. Օհանյան

Կարելի է ասել, որ մենք հիմա գտնվում ենք «պատերազմից 5 պակաս» իրավիճակում. Ես ինքս նախաձեռնեցի, որ ԱԺ խորհրդի նիստում քննարկենք ստեղծված վիճակը, որոշենք՝ որն է խորհրդարանի դերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Առաջին հերթին մենք մի քանի օր առաջ նախաձեռնեցինք, որ ծանոթանանք այն բոլոր փաստաթղթերին, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը: Արդեն 4-րդ օրն է անցվել եւ ԱԳ նախարարը չի կատարում իր խոսքը եւ չի ընդունել, որ ծանոթանանք այդ փաստաթղթերին:

Մենք ասել ենք, որ փաստաթղթերին ծանոթանալուց հետո դեմ չենք, որ վարչապետը գա 107 պատգամավորների ներկայությամբ հանդես գա»,-ասաց նա:

Օհանյանը նկատեց, որ պատերազմից մեկ ու կես տարի անց որևէ գերատեսչությունում չի ստեղծվել հանձնաժողով, որը կքննի պատերազմի հանգամանքները, չի ստեղծվել միջգերատեսչական մարմին, որը կասի, թե որոնք են մեր անվտանգային համակարգի հայեցակարգային մոտեցումները:

«Այս իշխանությունը մշտապես առաջնորդվում է  առանց փաստաթղթերի, խոսում է բանակի բարեփոխումների մասին, բայց չկա հայեցակարգ, խոսում է գերիների, պատանդների, անհետ կորածների մասին, բայց մի պետական հանձնաժողով չկա։ Դրա փոխարեն իրենք զբաղվում են ՏԻՄ-երով, տարբեր ընտրություններով, երկրորդական հարցերով։ Մեր պետությունը հայ-թուրքական հարաբերություններում ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը. Գտեք մի իրավական փաստաթուղթ, որոշում, որ ինքը ինչ-որ մեկի կողմից նշանակվել է բանագնաց։ Այսինքն, այս իշխանությունը երկիրը ղեկավարում է բանավոր կերպով, կներեք, ձեռքի հետ ոտի վրա»,-ասաց Օհանյանը։

Նրա խոսքով, իշխանությունները բանավոր ցուցում են տվել զինված ուժերին հետ քաշվել Սյունիքի դիրքերից, որևէ որոշում չկա սահմանների պաշտպանության համար. «Ու այսպես կմոռացվի Ջերմուկի վեց դիրքը, կմոռացվի Ներքին Հանդը, Փառուխը եւ այլն: Ես ասում եմ, որ ԱԺ-ն որպես վերահսկողական մարմին իր այդ աշխատանքը չի իրականացնում»,-ասաց Օհանյանը։

  • Կիսվել: