երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Փաստ»․ Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում

«Փաստ»․ Իշխանությունը ցանկանում է չեղարկել հանրաքվեն և ՍԴ հարցը լուծել ԱԺ-ում

«Փաստ» թերթը գրում է․ «Աշխարհում մշակութային, սպորտային և քաղաքական խոշոր իրադարձությունները, համավարակով պայմանավորված, չեղարկվել կամ հետաձգվել են։ 

Եվ հատկապես ուշադրության է արժանի տարբեր երկրներում ընտրական գործընթացների հետաձգումը, որոնց վերաբերյալ որոշումները կայացվել են՝ ելնելով մարդկանց կուտակումներ թույլ չտալու և քաղաքացիների առողջության ապահովման խնդրից։

Օրինակ՝ ընտրական գործընթացները որոշ ժամանակով հետաձգվել են Մեծ Բրիտանիայում, Բոլիվիայում, Շրի Լանկայում, Իրանում և այլ երկրներում։ Ճիշտ է՝ բացառություններ եղել են, երբ ընտրությունները տեղի են ունեցել համավարակի պայմաններում, սակայն այդ ընտրական գործընթացները հիմնականում աչքի են ընկել ընտրողների շատ ցածր մասնակցությամբ։

Հայաստանում ևս այս ընթացքում ընտրական գործընթացներ պետք է տեղի ունենային։ Մայիսին նախատեսվում էր ՏԻՄ ընտրությունների անցկացում, սակայն դրանք տեղափոխվեցին աշուն։ Չի բացառվում, որ դրանք նորից հետաձգվեն, ասենք՝ մեկ տարով: Մյուս կարևոր ընտրական գործընթացը կապված էր ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ։

Սակայն հանրաքվեն տեղի չունեցավ, քանի որ Հայաստանը երկու ամսից ավելի գտնվում է արտակարգ դրության ռեժիմում, իսկ Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված է, որ հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից:

Եվ իրավիճակի հանգուցալուծման տարբերակներից մեկը հանրաքվեի հետաձգումն է, որը թույլ կտա, որպեսզի հանրությունը ՍԴ կազմի փոփոխության շուրջ իր կարծիքն արտահայտի արտակարգ դրության ավարտից հետո, սակայն իշխանությունները, ինչպես երևում է նրանց գործելաոճից, հակված չեն հանրաքվեի հետաձգման տարբերակին և ցանկանում են հարցը լուծել ԱԺ-ում։

Երեկ խորհրդարանական մեծամասնությունը, սովորույթի ուժով, այսպես ասած, զոռբայությամբ անցկացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց:

Այս առումով շատ բնութագրական էր Նաիրա Զոհրաբյանի գնահատականը. «Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ՝ հունիս ամիսը, կամ, ասենք, Նոր տարին»,- ասաց պատգամավորը: Իրականում այս իշխանություններից երևի թե արդեն ամեն ինչ սպասելի է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: