ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Փաշինյանը՝ ընդդիմության հետ հնարավոր երկխոսության մասին

Փաշինյանը՝ ընդդիմության հետ հնարավոր երկխոսության մասին

Այսօր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց իր հրաժարականը պահանջող ուժերի հետ հանդիպման հնարավորության մասին:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. ՛՛Մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կխոսենք այն դեպքում, երբ պարզվի և արձանագրվի, որ հարկադրելու ռեսուրս ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը ուղղակի գոյություն չունի՛՛:

Նա հավելեց, որ որևէ քաղաքական ուժ, խմբակ չի կարող Հայաստանի ժողովրդին և ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը հարկադրել: Փաշինյանի խոսքով՝ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը: Նա ընդգծեց նաև, որ չեն գտնի մի այնպիսի դեպք, երբ իրենց հետ խոսելու ցանկություն է եղել, և իրենք չեն խոսել:

Վարչապետը նշեց, որ  չեն պատրաստվում խոսել այնպիսի պայմաններում, երբ այդ խոսակցությունը կընկալվի որպես նահանջ՝ բռնության և հարկադրանքի սպառնալիքի առաջ, մինչդեռ պատրաստ են երկխոսելու, եթե երեք հարցերի շուրջ կլինի կոնսենսուս:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Առաջինը՝ Հայաստանի ներքին և արտաքին կայունության անվտանգության ապահովություն, Արցախի ներքին և արտաքին կայունության անվտանգության ապահովություն և ժողովրդի իշխանության երաշխավորություն, որտեղ որոշումը հետագա կայացնելու է ժողովուրդը: Դա օրակարգ է, որը մենք պատրաստ ենք քննարկել, բայց պայմանով՝ որևէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի, բռնության լեզվով չպետք է խոսի՛՛:

Ըստ նրա՝ շատ ուժեր չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև հասկանում են, որ ուղղակի չեն հաղթահարի անցողիկ շեմը. ՛՛Հազար մարդ կարող է փակել փողոցները, կարող է գրոհել խորհրդարանը, կարող է մահափորձ կատարել խորհրդարանի խոսնակի դեմ, բայց նա չի կարող ոչ միայն հաղթել խորհրդարանական ընտրություններում, այլ նույնիսկ հասնել այնտեղ: Մենք չենք կառչի աթոռներից: Եթե ժողովուրդը պահանջի իմ մահապատիժը, ապա ինձ պետք է գնդակահարել կամ կախել՝ լավ, բայց սա պետք է լինի ժողովրդի կարծիքը, այլ ոչ թե մի քանի առանձին խմբերի: Մենք ուրիշ բան ենք ասում: Ասում ենք, որ թույլ չենք տալու, որ ժողովրդին պատկանող իշխանության նկատմամբ լինի ոտնձգություն՛՛:

Վարչապետն անդրադարձավ նաև իր հրաժարականի վերաբերյալ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների կոչերին՝ ասելով. ՛՛Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները` Վեհափառ հայրապետները, հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել:

Ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, առավել ևս` հայրապետները, ունեն իրենց դիրքորոշումը արտահայտելու անքակտելի իրավունք, Կառավարությունը և ժողովուրդն ունի իրավունք՝ այդ տեսակետին չհամաձայնել՛՛:

 

  • Կիսվել: