երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված չեն պատրաստվում որևէ մեկին զիջել

Փաշինյանը վստահեցնում է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված չեն պատրաստվում որևէ մեկին զիջել

Կա երկու տրամաբանություն. տրամաբանություն մեկ, որ մենք հնարավորություն ենք տալիս դիրքերի տեղափոխման, և կա երկրորդ տրամաբանությունը, որ մենք ունենում ենք պետական սահման: Դրանք երկու տարբեր տրամաբանություններ են, և այն անվտանգային ճեղքը, որի մասին խոսվում է, այդ անվտանգային ճեղքը կարող է լրացվել պետական սահման ունենալու դեպքում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի դիտարկմանը, թե Հայաստանի փոխզիջումային դիրքորոշումը չի կիսում հարևան երկիրը, և թե ի՛նչ է ստանում հայկական կողմը սահմանազատման գործընթացից:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի անվտանգությունը պետք է հենվի այդ թվում լեգիտիմության հիմքերի վրա, և այդ հիմքերի վրա էլ պետք է ունենանք պետական սահման:

«Սա ՀՀ-ն է, և ես ՀՀ վարչապետն եմ, և պայմանավորվածությունը, որ արձանագրվել է միջազգային մակարդակում, [այն է], որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը պետք է ճանաչեն:

Սա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ՀՀ տարածքի ուրվագիծն է (ցույց է տալիս քարտեզի մակետը-խմբ.), սա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է, և ՀՀ-ն չի պատրաստվում որևէ մեկին ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք զիջի: Կարծում եմ, որ սա պետք է շատ հստակ լինի բոլորի համար:

Այո՛, մենք ասում ենք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են օկուպացիայի տակ, և այս ձևակերպմամբ արդեն ակնհայտ է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ մի հատված ՀՀ Կառավարությունը չի պատրաստվում որևէ մեկին զիջել»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: