կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Փաշինյանը Տեղի հարցով հանձնարարական է տվել ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ. Քոչարյան

Փաշինյանը Տեղի հարցով հանձնարարական է տվել ադրբեջանցիների առաջխաղացումից առաջ. Քոչարյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականները չեն կարող չկատարվել, պարզապես կարող են թերանալ, թերություններ իհարկե կան, դրանց մասին բազմիցս արձանագրվել է: Մենք շատ հետամուտ ենք, որ այդ թերությունները բացահայտվեն և մեղավորները պատժվեն։

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Տեղ համայնքում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին և դրանից առաջ տրված հանձնարարականներին՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ պատգամավորի՝ հանձնարարականները տրվում են այնտեղ, որտեղ քննարկվում են իրավիճակները. «Դրանք Անվտանգության խորհրդի նիստերի ժամանակ կարող են տրված լինել: Մենք երեկ քննարկում էինք անում «Հայաստան» խմբակցության խնդրանքով և այդ քննարկմանը մասնկցում էր ԳՇ պետը և ընդդիմությունն ուներ հնարավորություն հարց տալու՝ վերջին հաշվով քննարկում եղել է, թե չի եղել, հանձնարարականներ ստացել են, թե՝ ոչ, թերացումներն ինչի հետ էին կապված, թերացումների մասին խոսել ենք, բայց չգիտես ինչու շրջանցվեց հանձնարարականի լինել-չլինելը: Այդ հանձնարարականների մասով ես հիմա չեմ կարող ասել, թե երբ են տրվել, բայց, որ հանձնարարական չէր կարող տրված չլինել, դա կարող եմ վստահաբար ասել:Դա տրվել է առաջխաղացումից առաջ»:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ անդրադարձավ այն հարցին, թե ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը Տեղի միջադեպի հետ կապված. «Երբ ընդդիմությունը մեղադրում է քաղաքական իշխանությանը Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի համար, սա հերթական բացահայտումն է ընդդիմության էության, երեկվա փակ հանդիպման ժամանակ ընդդիմությանն ակնհայտ է եղել, թե ինչպես են տեղի ունեցել դեպքերը և սա ակնհայտորեն Ադրբեջանի հերթական սադրանքն է ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: Երբ այս դեպքում ՀՀ-ում գտնվող որևէ սուբյեկտ, առավել ևս՝ ՀՀ ԱԺ պատգամավորը ոչ թե ասում է հասցեական, որ սադրանքը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից, այլ սկուտեղի վրա մատուցում է Ադրբեջանին մի թեզ, ըստ որի՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է մեղավոր, այստեղ մենք կրկին գործ ունենք 5-րդ շարասյան գործելաոճի հետ»:

ՀՀ զինված ուժերը հակահարված տվեցին, եթե ԶՈՒ-ն նման կեցվածք չունենար, ադրբեջանական ուժերը շատ ավելի խորք կթափանցեին ու կտեղակայվեին այնտեղ: Հետագայում պետք է ելնենք նրանից, որ ԶՈՒ-ի և կարողությունները, և ուժը, և բովանդակությունը պետք է լինի այն մակարդակի վրա, որը պետք է լուծի իր առջև դրված խնդիրը: Այն, ինչ մերն է, մերն է, եթե դրանից ավել հակառակորդը ոտնձգություն պետք է անի, պետք է իմանա, որ հարվածը ստանալու է: Եվ այդտեղ իշխանությունների հանձնարարական լինել-չլինելը նշանակություն չունի, ԶՈՒ-ն իր առջև դրված խնդիրն առանց հանձնարարականի էլ պետք է իրականացնի»,-ասաց Քոչարյանը:

Իսկ թերացումների մասով ծառայողական քննություն անպայման կլինի: Պատգամավորի խոսքով՝ ԱԱԾ-ում անպայման կլինի ծառայողական քննություն, անհրաժեշտության դեպքում՝ ԶՈՒ-ում ևս: Ծառայողական քննությամբ կուսումնասիրվեն, թե ինչ մակարդակով են կատարվել կամ չեն կատարվել հանձնարարությունները:

«Երեկվա քննարկման ժամանակ իրավիճակն ավելի պարզ դարձավ, որ, այնուամենայնիվ, ԶՈՒ-ն իրականացրել է իր առջև դրված խնդիրը, տվել ենք զոհեր, բայց կանգնեցրել ենք հակառակորդի սադրանքները»,-ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: