երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
38 երկրի կարգավորիչները զգուշացնում են Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի աճի մասին

38 երկրի կարգավորիչները զգուշացնում են Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի աճի մասին

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ռուսաստանի շարունակվող հարվածները մեծացնում են միջուկային վթարի վտանգը։ Այս մասին նոյեմբերի 16-ին զգուշացրել են ընդհանուր առմամբ 38 երկիր ներկայացնող միջուկային և ճառագայթային անվտանգության կարգավորիչ մարմինները։

Hամատեղ հայտարարությամբ հանդես են եկել Արևմտաեվրոպական միջուկային կարգավորիչների ասոցիացիան՝ WENRA-ն, Ճառագայթային պաշտպանության եվրոպական իրավասու մարմինների ղեկավարների միավորումը՝ HERCA-ն, և Հյուսիսային երկրների ճառագայթային անվտանգության մարմինների ղեկավարների միավորումը՝ NORA-ն։ Դրանք ներկայացնում են նաև ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան։ 

Չեխիայի միջուկային անվտանգության պետական վարչության հրապարակած հայտարարության համաձայն՝ էլեկտրացանցերի և ենթակայանների ուղղությամբ հարվածները խաթարում են միջուկային օբյեկտների անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայմանները։ Կարգավորիչները մտահոգություն են հայտնել, որ իրավիճակի հետագա վատթարացումը կարող է հանգեցնել Ուկրաինայի էլեկտրացանցի ամբողջական անջատման։

Ատոմակայանների կայուն էլեկտրամատակարարումը կարևոր է ռեակտորների հովացման և անվտանգության համակարգերի աշխատանքի համար։ Դրա երկարատև խափանումները կարող են մեծացնել վթարի վտանգը։ 

Հայտարարության հեղինակները զգուշացրել են, որ վատագույն դեպքում անվտանգության պայմանների վատթարացումը կարող է հանգեցնել ռադիոակտիվ նյութերի արտահոսքի՝ հետևանքներ առաջացնելով Ուկրաինայում և հնարավոր է՝ դրա սահմաններից դուրս։

Նրանք Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել Ուկրաինայի միջուկային օբյեկտների և դրանց անվտանգ աշխատանքի համար անհրաժեշտ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները։ Միավորումները նաև հայտնել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ու միջսահմանային համակարգումն ամրապնդելու մտադրության մասին։ 

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1265808

  • Կիսվել: