հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱԺ-ում իր հայտարարության մասին

Փաշինյանը՝ սեպտեմբերի 27-ին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱԺ-ում իր հայտարարության մասին

Ես հետադարձ մտածում եմ՝ ես ի՞նչ պետք է անեի, ի՞նչն եմ սխալ արել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ մտադրվել էր նոյեմբերի 9-ի կապակցությամբ հանդես գալ ուղերձով:

«Ես մտադրվել էի նոյեմբերի 9-ի կապակցությամբ ուղերձով հանդես գալ եւ բացել մի շարք մանրամասներ պատերազմի հանգամանքներից, բանակցային գործընթացից: Ես սկսեցի գրել, հասա իմ մտածած պատմության կեսին, եւ ուղերձի կեսը մոտավորապես 80 էջ ստացվեց: Հետո քննարկեցինք եւ որոշեցինք, որ Հայաստանի եւ Արցախի շահերի համար ձեռնտու չէ սա բարձրաձայնելը:

Հիմա հետահայաց, եթե իմանայինք, որ այսպես է լինելու ամեն ինչ, գուցե ճիշտ կլիներ գալ, ժողովրդին ասել՝ ժողովուրդ, մենք պետք է այս-այս բաներից հրաժարվենք:

Ես սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում հայտարարել եմ, որ պատերազմը կարող ենք դադարեցնել, եթե դա անենք: Հիմա հետահայաց, կարող ենք ասել, որ գուցե ճիշտ այն էր, որ ես ասեի՝ ես գնում եմ պատերազմը կանգնեցնում եմ էս գնով եւ հազարավոր մեր երիտասարդների կյանքը խնայում եմ:

Բայց այստեղ խնդիրը գիտե՞ք որն է, որ չգիտես, զիջման կետը որն է, որտեղ կկանգնի: Եթե նույնիսկ որեւէ իշխանություն համոզված լիներ, որ ինչ-որ X կետում կանգնելու է, գուցե թե այդ վճռականությունն ունենար: Այսօր էլ է այդպես: Ողբերգությունն այն է, թե մեկ զիջում անելուց հետո հաջորդ զիջումն անելու անհրաժեշտություն լինելու է, թե չի լինելու: Այսինքն՝ այս բոլոր օրակարգերի էլի լինելու էին, նույնիսկ եթե մենք ասեինք՝ համաձայն ենք ամեն ինչին, եկեք կանգնենք:

Այստեղ համակարգային պրոբլեմ կա, որը վերաբերում է մեր պետության դիմադրողականությանը, մենք ժամանակը ոնց ենք օգտագործել, որ երբ հարվածը ստանալու լինենք, ոնց կկարողանանք պահել այդ հարվածը»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ այստեղ նույնիսկ հարցը հաշվարկի մեջ չի, այլ 30 տարվա պայքարից հրաժարվելու մեջ է: «Մենք այդքան զրկանք ենք կրել նպատակին հասնելու համար եւ գալ, ասել՝ ժողովուրդ ջան, եկեք էդ ամեն ինչից հրաժարվենք, էդ զրկանքը իզուր ենք կրել: Գուցե դա էր ճիշտը, ես չգիտեմ:

Այսօր էլ այդ ընտրանքի առջեւ ենք, մեզ անընդհատ խփում են, ասում են՝ Զանգեզուրի միջանցք: Ի՞նչ Զանգեզուրի միջանցք: Ասում են՝ չտաք, ուժով ենք բացելու: Ո՞նց եք բացելու: Ասում են, որ մենք համաձայնվենք, որ քանի որ կարող են ուժով բացել, եկեք համակերպվենք, տանք: Հիմա մենք պետք է ասենք՝ ժողովուրդ ջան, եկեք այդ միջանցքը տա՞նք»,-ասաց Փաշինյանը

  • Կիսվել: