շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փաշինյանն ընտրություններին առնվազն 60 տոկոս քվեի ակնկալիք ունի

Փաշինյանն ընտրություններին առնվազն 60 տոկոս քվեի ակնկալիք ունի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ակնկալում է, որ իր քաղաքական ուժը կստանա քաղաքացիների առնվազն 60 տոկոսի քվեն: Այս մասին նա ասաց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե ուզում ենք, որ մեր երկիրը ոտքի կանգնի, եթե ուզում ենք, այդ խառնակիչներին փողոց դուրս գալու հնարավորություն չտանք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 60 տոկոսի քվեն եմ ակնկալում հունիսի 20-ի ընտրություններում: Դուք գիտեք, որ երբ մենք ենք իշխանությունը, երբ ես եմ վարչապետը, երբ մեր թիմն է իշխանության, դուք ցանկացած պահի, ցանկացած ընտրությամբ կարող եք գնալ ձեզ համար նոր իշխանություն ընտրել, երբ ուզեք: Ես իմ ձեռքերը կկտրեմ, ձեր սրբազան քվեին, ձեր իրավունքին չեմ կպնի՛՛:

Նրա խոսքով՝ երբ ժողովուրդը ցանկանա փոխել իշխանությունը, կփոխի՝ առանց ծեծ ու ջարդի: Փաշինյանն ասաց, որ առնվազն 60 տոկոսի քվեն իրենց համար չեն ուզում, այլ քաղաքացիների համար, քաղաքացիների իրավունքի, իշխանության, վերահաստատման համար:

Դա, ըստ նրա, չի նշանակում, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները՝ առաջին հերթին անվտանգային մարտահրավերները չեն գիտակցում: ՛՛Մենք գիտակցում ենք: Եվ բոլորս պետք է իմանանք, որ դժվար ճանապարհ է մեզ սպասվում: Այս պատասխանատվությունից հետո ես իրավունք չունեմ ընդհանրապես ոչ մի հարցում սխալվելու՛՛,-ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ դրանով ավեի է մեծանում իր պատասխանատվությունը:

 

  • Կիսվել: