հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները Շուշիի մասին

Փաշինյանի իրարամերժ հայտարարությունները Շուշիի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադարձել է Շուշիի կորստին և կարգավիճակին՝ անելով հայտարարություններ, որոնք հակասում են իր նախկին ասածներին, և մանիպուլյատիվ պնդում արել, թե նախկինում Շուշիում բնակարաններ չեն կառուցվել, քանի որ վստահ չեն եղել, որ քաղաքը չի հանձնվի, գրում է fip.am-ը:

«Միշտ էլ Շուշիի հարցը եղել է, որովհետև Ադրբեջանը երբեք չի հրաժարվել էն մտքից, որ Ղարաբաղի ադրբեջանցիները պիտի վերադառնան և բնակվեն Ղարաբաղում»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմն էլ էր ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիները պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեին՝ որպես Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ «Բա Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ էին բնակվելու։ Բնակիչ նշանակում է բնակության տեղ ունեցող, չէ՞։ Որտե՞ղ էին բնակվելու, տրամաբանորեն այնտեղ, որտեղ բնակվել են, եթե նրանք էդտեղ բնակված լինելու հանգամանքով են այդ կարգավիճակը ստանում»,- եզրափակել էր Փաշինյանը։ 

Սակայն հատկանշական է, որ այս հայտարարությունը հակասում է նախկինում Փաշինյանի արած երկու հայտարարություններին։ 

Դեռ 2020 թվականի պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 16-ին, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, վարչապետը հայտարարել էր, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայներ Ադրբեջանին հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին։ 

«Այո, Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս, սկզբնական շրջանում: Եվ ինչո՞ւ ենք մենք, Արցախի իշխանությունները, Պաշտպանության բանակը գնացել այս ճանապարհով…»,- նշել էր Փաշինյանը

Սակայն նույն օրը Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հակադարձել էր Փաշինյանին՝ հայտնելով, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: 

Փաշինյանին նոյեմբերի 17-ին հակադարձել էր նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նշել էր, որ իրեն հոկտեմբերի 2-րդ կեսին հաջողվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ իրականացվի փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշի։ Փաշինյանը դեմ է արտահայտվել այդ մտքին՝ պնդելով, որ դա կվտանգի հայկական կողմի շահերը։ Պուտինը նաև մանրամասներ էր հաղորդել բանակցություններում Շուշիի քննարկվող կարգավիճակի մասին. «Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ՝ ներառյալ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, իսկ մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»։

Այսինքն, Փաշինյանի պնդումը, թե մինչ պատերազմը Ադրբեջանը պահանջել էր յոթ շրջանները և Շուշին՝ սխալ է, քանի որ ինչպես հայտարարել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, բանակցությունների ընթացքում Շուշին հանձնելու որևէ տարբերակ չի քննարկվել։ Լիտվայում հոկտեմբերի 4-ին արած հայտարարության մեջ արդեն Փաշինյանը չի խոսում Շուշին «հանձնելու» մասին, այլ միայն ադրբեջանցիների վերադարձի մասին։

Փաշինյանի՝ Լիտվայում արած և նախկին հայտարարությունների միջև երկրորդ հակասությունը հանրաքվեի անցկացման վայրի մասին է։ Այս տարվա օգոստոսին Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեն անցկացվելու էր ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Ադրբեջանի ամբողջ տարածքում։

«…Ադրբեջանն այդ բանակցային բովանդակության մեջ կարողացել է ներմուծել մի այնպիսի ձևակերպում, որը իրեն հնարավորություն կտա ասել, որ էդ հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում, որովհետև Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ կարգավիճակի հարցով առանձին վերցրած հատվածում չի կարող լինել առանձին վերցրած հանրաքվե»,- նշել էր Փաշինյանը։ «Փաստերի ստուգման հարթակը անդրադարձել էր այդ պնդմանը և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ բանակցությունների ընթացքում քննարկված տարբերակներում հանրաքվեի՝ Ադրբեջանի սահմանադրությանը համապատասխանելիության հարցը երբևէ չի քննարկվել, հետևաբար՝ Փաշինյանի կողմից Ադրբեջանի սահմանադրությունը վկայակոչելը տարօրինակ է։

Սակայն ստացվում է, որ մի դեպքում Փաշինյանը հայտարարում է, թե Շուշի քաղաքի բնակիչները հանրաքվեի պետք է մասնակցեին Լեռնային Ղարաբաղի մասշտաբով, մեկ այլ դեպքում հայտարարում, թե այդ հանրաքվեն չէր կարող տեղի ունենալ մի հատվածում, քանի որ Ադրբեջանի սահմանադրությունը թույլ չի տալիս դա։

Շուշիում կառուցված բնակելի շենքերի մասին

Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն անդրադարձել է վերջին 30 տարիներին Շուշիում կատարված աշխատանքներին՝ արձանագրելով, որ Շուշիում չեն կառուցվել բնակելի շենքեր։

«30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք ա կառուցվել։ Ոչ մի։ Ինչի՞։ Մեկը հարց չի տալի՞ս։ Ի՞նչն ա պատճառը, որ չի կառուցվել։ Տրամաբանությունն ի՞նչ ա, որ չեն կառուցել, […] ասենք՝ փող չե՞ն ունեցել էտ մարդիկ»,- հարցրեց Փաշինյանը։ Ինչին ի պատասխան, դահլիճից արձագանքեցին` «վստահ չեն եղել, որ կպահեն», որին Փաշինյանը պատասխանեց․ «Վերջ, ակնհայտ ա պատասխանը»։

Սակայն Փաշինյանի այս պնդումը մանիպուլյատիվ է։ Եթե խոսքը բացառապես բնակելի շենքեր կառուցելու մասին է, ապա Փաշինյանի պնդումը, առանձին վերցրած, ճիշտ է, սակայն մանիպուլյատիվ է պնդումը, թե բնակելի շենքեր չեն կառուցել, քանի որ վստահ չեն եղել, որ «կպահեն»։

Ազատագրումից ի վեր Շուշիում իրականացվել են մի շարք քաղաքաշինական ծրագրեր, որոնք միտված էին ենթակառուցվածքների զարգացմանը։

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ քաղաքում իրականացվել են բազմաթիվ նախագծեր, որոնք միտված էին բնակչության կենսագործունեության բարելավմանը։ 2008-2009 թվականներին կառուցվել է Շուշի քաղաքի ջրամատակարարումն ապահովող 13 կմ խողովակաշարը, վերակառուցվել է քաղաքը սնուցող Թադևոսի ջրատարը։ 2018 թվականից կառուցվում էր մաքրման կայանը, որն ապահոված էր լինելու բոլոր անհրաժեշտ սարքավորումներով։ Բացումը նախատեսվում էր 2021 թ. հունվարին։

Կապիտալ վերանորոգվել և բացվել էր Հայաստանի ագրարային համալսարանի՝ չորս մասնաշենքից բաղկացած մասնաճյուղը։ Հիմնանորոգվել էր Խ․ Աբովյանի անվան դպրոցը, գրադարանը և երաժշտական դպրոցը, հիմնվել էր Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը, մանկապարտեզըկառուցվել էր գիշերօթիկ մանկապարտեզ և այլն։ Քաղաքապետի խոսքով՝ ասֆալտապատված էին քաղաքի բոլոր կենտրոնական փողոցները, բազմահարկ շենքերի բակերը, սալիկապատված էին կենտրոնական փողոցների մայթերը։

Ամբողջությամբ վերակառուցվել էր նաև Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը։ Ի դեպ, հենց այստեղ տեղի ունեցավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա էր նաև Փաշինյանը։ 

Ինչ վերաբերում է բնակարանաշինությանը, ապա թեև Շուշիում ազատագրումից ի վեր նոր բնակելի շենքեր չեն կառուցվել, սակայն այս ոլորտում ևս մի շարք խոշոր ծրագրեր են իրականացվել։ Մասնավորապես, Սարգսյանի խոսքով՝ հիմքից նորոգվել են 4 բազմաբնակարան շենքեր, որոնք առաջին պատերազմի հետևանքով գրեթե ավերված էին։ Դրանցից 2-ը տրամադրվել էին զինվորականների ընտանիքներին, մյուս երկուսը՝ քաղաքի բնակիչներին, ինչի շնորհիվ Շուշի քաղաքում բնակարան է ստացել մոտ 50-60 ընտանիք։ 

Բացի այս, պետությունը յուրաքանչյուր տարի միլիոնավոր դրամների շինանյութ էր հատկացնում քաղաքի բնակիչներին՝ սեփական տները վերանորոգելու նպատակով։ Սարգսյանի խոսքով՝ սա լուրջ խթան էր բնակարանաշինության զարգացման համար, քանի որ բնակիչները պետական աջակցությանը զուգահեռ փոքր վարկերի կամ սեփական միջոցների ներգրավմամբ կարողանում էին հիմնանորոգել իրենց տները։ 

Պետական քաղաքականության արդյունքում նախ՝ 6, իսկ վերջերս արդեն 5 երեխա ունեցող ընտանիքներին պետությունը հատկացնում էր բնակարան։ Միայն այս ծրագրով Շուշիում մոտ 20 ընտանիք բնակարան էր ստացել, որից 5-ը կառուցվել էին պետական միջոցներով, մյուսները՝ գնվել էր։ Շուշիի քաղաքապետը հայտնեց նաև, որ վերանորոգվում էր Վարանդա 6 շենքը, որը նախատեսված էր բազմազավակ ընտանիքների և զոհված զինծառայողների ընտանիքների համար։ Բացի այդ, իրականացվել էին մի քանի բազմաբնակարան շենքերի ճակատային մասերի բարեկարգման աշխատանքներ, դրանցից մեկն էլ Ղազանչեցոց եկեղեցու դիմացի բազմաբնակարան շենքն էր։ Փոխվել էին բոլոր շենքերի տանիքները, քաղաքն ապահովվել էր շուրջօրյա ջրամատակարարումով, էլեկտրաէներգիայով, բնական գազով։

Անցյալ տարվա սեպտեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Շուշի կատարած այցերից մեկի ընթացքում ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հայտնել էր, որ ավարտին են մոտենում թվով 45 բնակելի տների աշխատանքները, ևս 4 տներ առաջիկայում պետք է սկսեին կառուցվել, իսկ մոտ ապագայում նախատեսվում էր պատվիրել ևս 100 բնակելի տների նախագծեր։

Այսպիսով փաստենք, որ թեև Փաշինյանի պնդումը, թե Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել, ճիշտ է, սակայն դրա վրա արված եզրակացությունը, թե շենքերը չեն կառուցվել, որովհետև համոզված չեն եղել հետագայում քաղաքը պահելու մեջ, ճիշտ չէ, քանի որ ազատագրումից հետո Շուշիում իրականացվել են միլիոնավոր դոլարներ արժեցող բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման, ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ։

  • Կիսվել: