Պարգևավճարները համարժեք վարձատրության ապահովմանն ուղղված միջոցներ են այս պահին․ ՊԵԿ նախագահ
Պարգևավճարները պետք է լինեն, դրանք համարժեք վարձատրության ապահովմանն ուղղված միջոցներ են այս պահին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
«Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը․․․ իմ կարծիքով՝ այդ հարցադրումները եթե նպատակ են հետապնդում վերացնել այդ պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ չտանող ճանապարահ են։ Դրա մասին բազմաթիվ անգամ մեկնաբանություններ եղել են։ Դրանք համարժեք վարձատրության ապահովմանն ուղղված միջոցներ են այս պահին, և պարգևավճարները պետք է լինեն»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահը հավելեց, որ 2021 թվականի բյուջեի նախագծով ևս ՊԵԿ համակարգի աշխատակիցների համար պարգևավճարներ են նախատեսված։ Նա նշեց, որ պատերազմական գործողությունների հենց առաջին օրերից ՊԵԿ աշխատակիցները շատ ակտիվ են եղել, բազմիցս գումարներ են հավաքվել և փոխանցվել Հայաստան համահայկական հիմնադրամին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ «Այս պահին ընդհանուր առմամբ մոտ 530 մլն դրամ է փոխանցվել։ Այդ գումարները, բնականաբար, իրենց եկամուտներից են վճարվել»,- հավելեց նա։ Էդվարդ Հովհաննիսյանը նաև ասաց, որ նախորդ ամիս ՊԵԿ աշխատակիցները պարգևավճարներից չեն հրաժարվել, դրանք տրվել են։ Իսկ այս ամիս պարգևավճարներ նախատեսված չեն։


