Օլիվեյրան Ծառուկյանին խորհուրդ է տալիս Թոփուրիայի դեմ մենամարտnւմ չկրկնել իր ճակատագրական սխալը
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Չարլզ Օլիվեյրան գնահատել է Արման Ծառուկյանի և Իլիա Թոփուրիայի միջև հնարավոր մենամարտը։ Բրազիլացին վստահ է, որ հայ մարտիկն ունի բոլոր անհրաժեշտ հմտությունները նախկին չեմպիոնին հաղթելու համար։
Օլիվեյրան քաջածանոթ է երկու մարտիկների հնարավորություններին, քանի որ ութանկյունում հանդիպել է երկուսի հետ էլ: 2024 թվականին UFC 300 մրցաշարում նա մրցավարների որոշմամբ զիջել էր Ծառուկյանին, իսկ ավելի ուշ՝ UFC 317-ում, թեթև քաշային կարգի թափուր գոտու համար մենամարտում նոկաուտով պարտություն էր կրել Թոփուրիայից։
UFC-ում Թոփուրիայի կրած առաջին պարտությունից հետո որպես նրա վերադարձի հնարավոր տարբերակներից մեկը դիտարկվում է հենց Արման Ծառուկյանի դեմ մենամարտը։ Ըստ Օլիվեյրայի՝ հայ մարզիկի գլխավոր առավելությունն այս դիմակայությունում կարող է դառնալ ըմբշամարտը։
«Ես կարծում եմ, որ Ծառուկյանը լիովին ունակ է հաղթելու։ Բայց, օրինակ, եթե Թոփուրիայի հետ կանգնած դիրքում հարվածներ փոխանակես, ինչպես դա եղավ իմ դեպքում, ապա նա հաստատ ունի այն ուժը, որպեսզի քեզ ծանր նոկաուտի ենթարկի»,- նշել է Օլիվեյրան ALF Global-ին տված հարցազրույցում։
Բրազիլացին ուշադրություն է հրավիրել Ծառուկյանի վերջին մենամարտերում ընտրած մարտավարության վրա՝ համոզմունք հայտնելով, որ նա երկար չի մնա կանգնած դիրքում.
«Եթե ուշադիր նայեք Ծառուկյանի վերջին մենամարտերը, կտեսնեք, որ նա անընդհատ մրցակիցներին տեղափոխում է պարտեր։ Նա միշտ փնտրում է թեյքդաուններ, ուստի, կարծում եմ, հաստատ չի ցանկանա հարվածներ փոխանակել, այլ կփորձի մենամարտը տեղափոխել գետնի վրա: Իսկ երբ պայքարը տեղափոխվում է պարտեր, դա արդեն բոլորովին այլ խաղ է»։
UFC-ի նախկին չեմպիոնն անկեղծորեն խոստովանել է, որ Թոփուրիայի հետ մենամարտում ինքը լուրջ տակտիկական սխալ է թույլ տվել՝ փորձելով բաց մարտի բռնվել վտանգավոր նոկաուտերի հետ.
«Ես մենամարտել եմ նրանց երկուսի հետ էլ, և Թոփուրիայի դեմ պայքարում սխալ թույլ տվեցի։ Ուզում էի հարվածներ փոխանակել, ակտիվ շարժվել ու հավատում էի, որ կարող եմ նոկաուտի ենթարկել նրան: Եթե ես բոլորովին այլ ռազմավարություն ընտրեի, մենամարտն այլ ընթացք կստանար»։
Եզրափակելով իր խոսքը՝ Օլիվեյրան ընդգծել է, որ Ծառուկյանը պետք է գործի իր սովորական ոճով՝ համատեղելով եզակի հարվածները պարտեր տեղափոխելու և վերահսկելու հետ.
«Հենց դրա համար եմ ես սա ասում: Ծառուկյանն անընդհատ այդպես է գործում. նա հարված է հասցնում, որից հետո մրցակցին տապալում է գետնին, որտեղ էլ ապավինում է ըմբշամարտին ու գրեփլինգին: Կարծում եմ՝ դա ճիշտ տակտիկա է Թոփուրիայի դեմ»։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը շարունակում է մնալ թեթև քաշային կարգի առաջատարներից մեկը, իսկ Թոփուրիայի հետ հնարավոր մենամարտը կարող է դառնալ մինչև 70 կգ քաշայինների չեմպիոնական մրցավազքի գլխավոր իրադարձություններից մեկը:
Աղբյուրը`ArmSport.am



