ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարգև՝ ցածր վարկանիշ ունեցեղ դատավորների դեմ հաղորդման համար․ ԲԴԽ-ն դատապարտում է «HelpCourt»-ին

Պարգև՝ ցածր վարկանիշ ունեցեղ դատավորների դեմ հաղորդման համար․ ԲԴԽ-ն դատապարտում է «HelpCourt»-ին

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Այսօր ««HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի»» ֆեսյբուքյան էջում տարածվել է հայտարարություն՝ «ՊԱՐԳԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄ» վերնագրով, որի հեղինակները դրամական պարգև են խոստանում այն անձանց, որոնց հաղորդումների հիման վրա, իրենց բնորոշմամբ, «ցածր վարկանիշ» ունեցող դատավորների նկատմամբ կհարուցվեն կարգապահական վարույթներ:

Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում և անընդունելի է համարում նման հրապարակումները, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործընթացների համար վճարներ սահմանելը՝ նման գործելաոճը համարելով վտանգավոր ինչպես դատական իշխանության անկախ գործունեության ապահովման, այնպես էլ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, դրանք քննելու և լուծելու գործընթացների տեսանկյունից:

««HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգի»՝ վերը նշված հայտարարությանը կից օգտագործվել է Բարձրագույն դատական խորհրդի տարբերանշանը, որի արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, թե Խորհուրդը որևէ առնչություն ունի այս հայտարարության հետ: Պահանջում ենք անհապաղ հեռացնել հայտարարությանը կցված տարբերանշանը և կոչ անում զերծ մնալ Խորհրդի անունը շահարկելուց:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի խրախուսում դատավորների գործունեության, այսպես կոչված, վարկանիշավորումը՝ այն համարելով խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գործընթաց, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արդեն իսկ շատ մանրամասն կանոնակարգում է դատավորների գնահատման կարգը:

Միևնույն ժամանակ, Խորհուրդը կարևորում է փաստաբանության դերը Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության ամրապնդման գործում և հույս հայտնում, որ փաստաբանական համայնքի ֆինանսական միջոցները և ջանքերը կօգտագործվեն ՓՊ-ի կանոնադրական նպատակներին խիստ համապատասխան»։

  • Կիսվել: