հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք հիմա իրական խնդիրները թողած՝ ընկել ենք այլ խնդիրներ փնտրելով․ Պատգամավորը՝ հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին

Մենք հիմա իրական խնդիրները թողած՝ ընկել ենք այլ խնդիրներ փնտրելով․ Պատգամավորը՝ հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի մասին

Հայաստանում հանքարդյունաբերողների գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը փորձել է բացահայտումներ անել, բայց ինչ-ինչ պատճառներով իրականում շատ բան անել չի հաջողվել: Այդ մասին ԱԺ-ում Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը շատ լավ բնորոշում է «Սասունցի Դավիթ» էպոսի այն հատվածը, երբ Կոզբադինը պատրաստվում է գնալ Սասուն և խոստումներ է տալիս: Պատգամավորը մեջբերում է այն. «Սասնա քար ու հող տակուվրա անենք, իմ օխտը տարվա խարջը բերենք... գնամ հիմի քանդեմ Սասուն, կանայք բերեմ քառսուն-քառսուն, քառսուն բեռնով դեղին ոսկի, տեղը ջնջեմ հայոց ազգի...»: Պապոյանը շարունակում է՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովների ստեղծումից հետո միշտ հետևում են այդ հանձնաժողովի անդամների ելույթները՝ մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Մեր Կոզբադին գնաց Սասուն՝ կանայք բերի քառսուն-քառսուն, քառսուն բեռով ոսկի բերի, մեր ճակատին շարան շարի, կարմիր կովեր բերի կթան.... ջա՜ն Կոզբադին, ջա՜ն Կոզբադին, սասնա Դավթին զարկեց գետնին..»: Իսկ թե ինչ է տեղի ունենում Սասունում Կոզբադինի հետ, բոլորը գիտեն:

«Ահա թե ինչ է տեղի ունենում վերջում ստեղծվող քննիչ հանձնաժողովների հետ՝ անկախ նրանից՝ որ ոլորտն է ուսումնասիրելու»,- հայտարարեց պատգամավորը: Նա նշեց, որ չկա որևէ ապացույց, որ այս կամ այն հանքավայրը բացելու համար այսինչ խախտումներն են տեղի ունեցել, կամ գործունեության ընթացքում ինչ խնդիրներ են եղել, կամ եզրակացություն, թե ինչ պետք է անել»,- ասաց Պապոյանը՝ հավելելով, որ քննադատությունը չի ուղղում հանձնաժողովի նախագահին կամ անդամներին, այլ այն պատգամավորներին, որոնք տարբեր պատճառներով, այդ թվում՝ քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով, որոշում են ստեղծել քննիչ հանձնաժողովներ՝ հույսով, որ չենք պահանջելու պատշաճ հաշվետվություններ:

«Պետք չէ ասել՝ կգանք, բացահայտումներ կանենք. չկան այդ բացահայտումները, մենք հիմա իրական խնդիրները թողած՝ ընկել ենք այլ խնդիրներ փնտրելով: Դա է պատճառը, որ ժամանակավոր հանձնաժողովները, որոնք ստեղծվել են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ որևէ արդյունք չեն ունենում, և սա այդ օրինակներից մեկն է»,- ընդգծեց Պապոյանը:

  • Կիսվել: