չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պաղեստինի իշխանությունը թուլացնելու համար Իսրայելը ֆինանսավորել է ՀԱՄԱՍ-ը. Բորել

Պաղեստինի իշխանությունը թուլացնելու համար Իսրայելը ֆինանսավորել է ՀԱՄԱՍ-ը. Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը մեղադրել է Իսրայելին Պաղեստինի «Ֆաթհ»-ի իշխանությունը թուլացնելու նպատակով ՀԱՄԱՍ կառույցը ֆինանսավորելու մեջ: Այս մասին նա ասել է Վայադոլիդի համալսարանում՝ պատվավոր դոկտորի կոչումը ստանալու արարողությունից հետո իր ելույթում, տեղեկացնում է Euronews-ը:

Բորելը նաև մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին իսրայելապաղեստինյան հակամարտությունը լուծելու ցանկացած փորձ «անձնապես ձախողելու» համար:

«Վատ նորությունն այն է, որ Իսրայելը, մասնավորապես՝ նրա կառավարությունը, ամբողջապես հրաժարվում է երկու պետությունների համակեցության հայեցակարգից, և Նեթանյահուն երեկ նորից է դա պնդել»,- ասել է Բորելը։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետն ասել էր, թե դեմ է Պաղեստինի պետության ստեղծմանը, մինչդեռ Վաշինգտոնը սատարում է երկու պետությունների խաղաղ համակեցության գաղափարը:

Ըստ Բորելի՝ երկու պետությունների լուծումը «պետք է պարտադրվի դրսից՝ խաղաղություն հաստատելու համար»։

«Ես պնդում եմ, որ Իսրայելը, շարունակելով մերժել այդ լուծումը, այնքան հեռու է գնացել, որ ՀԱՄԱՍ-ն է ֆինանսավորել՝ այդպես փորձելով թուլացնել «Ֆաթհ»-ի ղեկավարած Պաղեստինի ինքնավարությունը»,-ասել է նա:

Նշենք, որ «Ֆաթհ»-ը Պաղեստինի ազատագրության առաջնորդ, հանգուցյալ Յասիր Արաֆաթի հիմնադրած քաղաքական դաշինքն է, որը կառավարում է Պաղեստինի ինքնավարության տարածքում:

  • Կիսվել: