ՔՊ-ականները պնդում են՝ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումն ուշանում է Արթուր Ղազինյանի պատճառով
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը չի լսել, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը ձգձգելու համար։
«Իրո՞ք մեղադրում են, ես չեմ լսել, որովհետև մեղադրանքներն արդարացված չէին լինի այն պարզ պատճառով, որ մենք հապաղել ենք, որ իրենք իրենց փաստաթղթերը կարգի բերեն, տեսեք՝ ինչքան համբերատար ենք սպասել այդ գործընթացի ավարտին, բայց այն չի ավարտվել», - Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե ընդդիմադիր գործընկերնից երեքը ստացել է փաստաթղթերը, միայն Արթուր Ղազինյանը չի ստացել, որովհետև չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը։
«Այնպես որ՝ մենք հապաղում ենք, որ վաղը ընդդիմությունը մեզ չմեղադրի, ասի՝ «դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք», չէ, ամեն ինչ պատրաստ է սկսելու, մի քիչ էլ կսպասենք, գուցե, մեկ շաբաթ, գուցե պարոն Ղազինյանն, այնուամենայնիվ, կողմնորոշվի՝ ինքը Պաշտպանության հանձնաժողովի լիարժեք անդա՞մ է, թե՞ ոչ», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովն անխուսափելիորեն պետք է լինի, որպեսզի որևէ շահարկում հնարավոր չլինի իրականացնել։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյան էլ ասաց, թե հենց իրենք են առաջին շահագրգիռ կողմը 44-օրյա պատերազմի բոլոր դրվագների բացահայտման համար։



