երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ոսկեպարը պիտի դառնա և դարձել է խորհրդանիշ՝ հաղթանակի խորհրդանիշ. Բագրատ Սրբազան

Ոսկեպարը պիտի դառնա և դարձել է խորհրդանիշ՝ հաղթանակի խորհրդանիշ. Բագրատ Սրբազան

Ոսկեպարը մեզ համար պիտի դառնա և արդեն դարձել է Հաղթանակի խորհրդանիշ։ Այս մասին այսօր Ոսկեպարում հավաքի ժամանակ ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ոսկեպարը մեծ խորհրդի արտահայտում է դարձել։ Այն պիտի դառնա և դարձել է խորհրդանիշ՝ Հաղթանակի խորհրդանիշ»,- ասաց Սրբազանը։

Նրա խոսքով՝ ոսկեպարցիները, տավուշցիներն իրենց կամքով ու վճռականությամբ են փաստում՝ հաղթանակ կարելի է ձեռք բերել՝ չընկրկելով, հոգեպես կուռ մնալով ու ճշմարտությանը հավատալով։

Բագրատ Սրբազանն անդրադարձավ նաև ՀՀ գործող իշխանությունների հավաստիացումներին, թե իրենք ՀՀ տարածքից «ոչ մի միլիմետր չեն զիջելու». նա հիշեցրեց, որ հազարավոր քառակուսի կիլոմետրեր արդեն իսկ զիջել են, Արցախը՝ հանձնել և պատրաստվում են նոր տարածքներ հանձնելու։

«Ես ընդամենը փաստ եմ արձանագրում․ 2021 թվականին այն ճանապարհի վրա (Տավուշում-խմբ․), որի մասը, ինչպես իրենք են ասում, «մերը չէ», «Հայաստանինը չէ», պիտի հանձնվի, ՀՀ այդ ժամանակվա գործող ղեկավար, վարչապետի թեկնածուն (Ն․ Փաշինյանը -խմբ․) ոսկեպարցիներին ասե՞լ է, որ այս տարածքները պետք է հանձնվեն։ Ոսկեպարցինե՛ր, ձեզ ասվե՞լ է՝ գնացեք, ինձ ընտրեք, դուք ձեր գործն արեք, ես էլ իմը կանեմ։ Դուք ազնվորեն արել եք այդ քայլը։ Անցել է ընդամենը երեք տարի, և նույն մարդը այստեղ՝ Ոսկեպարում, եկել և ասել է՝ դուք ձեր գործն արեցի՞ք, ես էլ իմ գործն եմ անում․ այս տարածքները պիտի հանձնվեն։ Եթե ոչ, պատերազմ կինի։ Եթե հանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի, եթե չհանձնենք, չեմ երաշխավորում, որ պատերազմ չի լինի։ Հիմա սա սու՞տ է, կեղծիք ու խաբեությու՞ն է, թե՞ ոչ։ Հարց եմ տալիս ձեզ։ Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը գալ ու ահաբեկել սեփական ժողովրդին։ Նշանակում է՝ մենք իշխանություն չունենք»,-դիմելով ոսկեպարցիներին՝ ասաց Բագրատ Սրբազանը:

  • Կիսվել: