Որոշումն այս պահին ինձ հասու չէ՝ ՀՔԾ պետ չեմ, որ առանց ծանոթանալու որոշմանը գնահատականներ տամ․ դատավոր Ազարյան
Բարձրագույն դատական խորհուրդը, Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, այսօր մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
Լրագրողների հետ զրույցում դատավոր Ալեքսանդր Ազարյանն անդրադարձավ ԲԴԽ որոշմանը, նշելով, որ իր համար ԲԴԽ-ի ցանկացած որոշում սպասելի էր։
«Ես մշտապես անկաշկանդ եմ։ Ես որոշմանը ծանոթ չեմ, ես միայն եզրափակիչ մասն եմ ունկնդրել, իսկ որոշումն այս պահին ինձ հասու չէ։ Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց ծանոթանալու որոշմանը՝ գնահատականներ տամ։ Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին՝ կարծում եմ՝ Խորհուրդը կաշկանդված չէ իշխանության ներկայացրած տրամադրություններով», ասաց նա։
Հիշեցնենք՝ հեռուստաընկերություններից մեկի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցրած գնահատականների համար արդարադատության նախարարը կարգապահական վարույթ էր հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ դեռևս ապրիլին։
Դատավոր Ազարյանը, անդրադառնալով իր հնչեցրած արտահայտությանը, ասել էր, որ իրեն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել այն հիմքով, որ ինքը կանխակալ վերաբերմունք ունի ՀՔԾ-ի նկատմամբ, քանի որ նախկինում կայացրել է այդ ծառայության դիրքորոշմանը հակառակ ութ դատական ակտ։ Այդ դատական ակտերը մտել են ուժի մեջ, և Ազարյանը հայտարարել էր, որ հույս ունի՝ «քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չի վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը»։ վարույթ չի հարուցվի։


