կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Orion Summit 2022-ի ընթացքում կհայտարարվի «Թվային Ջուղա ցանցի» պաշտոնական մեկնարկը

Orion Summit 2022-ի ընթացքում կհայտարարվի «Թվային Ջուղա ցանցի» պաշտոնական մեկնարկը

 Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվի Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի)՝ որպես համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնության, պաշտոնական մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներդրումային բանկերի և ֆինանսական խորհդատվության ոլորտում ճանաչված մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանը Orion Summit 2022-ի գլխավոր բանախոսն է, որը ելույթ կունենա նաև գագաթնաժողովի եզրափակիչ՝ «21-րդ դարի Թվային Ջուղայի ցանցի մեկնարկը» պանելային քննարկմանը։ 

Ներդրումային բանկերի ոլորտում ավելի քան 50 տարվա փորձ ունեցող Մարկ Չենյանի մասնագիտացումը ակտիվների կառավարումն է։ 

Պանելային քննարկմանը կմասնակցեն Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն, «BAJ Accelerator»-ի համահիմնադիր Էմմա Առաքելյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, BAJ Accelerator-ի համահիմնադիր գործընկեր, դոկտոր Արմեն Խերլոփյանը և «Սուրեն Ա․ Իսրաելյան» իրավաբանական գրասենյակի ղեկավար Սուրեն Իսրաելյանը։ 

Պանելային քննարկմանը կներկայացվի նաև Թվային Ջուղա ցանցի մշակութային նշանակությունը, իսկ գագաթնաժողովը կեզրափակվի ընդունելությունով, որի ժամանակ դաշնակահար և կոմպոզիտոր, Jazzical Komitas-Passion of Fire ալբոմի հեղինակ Ջոել Ա. Մարտինը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանությամբ: Գագաթնաժողովի ընթացքում տեղի կունենա նաև ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդես։ 

Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում:  Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

  • Կիսվել: