շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Օրենսդրական կարգավորումներ՝ ուղղված դրոշմավորման գործընթացում առկա խնդիրների լուծմանը

Օրենսդրական կարգավորումներ՝ ուղղված դրոշմավորման գործընթացում առկա խնդիրների լուծմանը

Առաջին ընթերցմամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանն ԱԺ նոյեմբերի 18-ի նիստում քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Զեկուցողի խոսքով՝ կարգավորումներն ուղղված են դրոշմավորման գործընթացում առաջացած խնդիրների և պատասխանատվության միջոցների կիրառման համաչափության հարցի լուծմանը:

Նշվել է, որ տնտեսվարող սուբյեկտն ակցիզային դրոշմանիշները կամ պիտակը ստանալուց հետո 12 ամիս ժամանակ ունի դրանք վերադարձնելու: Ուշացնելու դեպքում կան պատասխանատվության միջոցներ, տուգանքները բավականին բարձր են:

Նոր կարգավորմամբ առաջարկվում է ակցիզային դրոշմանիշերը կամ պիտակը վերադարձնելը ուշացնելիս, երբ հարկային մարմինն արդեն վարչական վարույթ կհարուցի, այդ վարույթի ընթացքում դրանք վերադարձնելու և հարկային մարմնի կողմից ընդունելու պարագայում գանձվի տուգանք 100 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամը:

Խոտանված դրոշմանիշների և պիտակների համար տուգանքի վճարումը չկատարելը հիմք է հայտը մերժելու համար: Առաջարկվում է մերժման հիմքերից հանել այդ տուգանքը չվճարելու դեպքը: Վնասված դրոշմապիտակների առումով սահմանել բացառություն՝ դրոշմավորման ընթացքում խոտանված այն դրոշմապիտակների համար, որոնք ենթակա չեն վերադարձման հարկային մարմին: Դրանց համար տուգանքը փոխարինվել է ծախսերի փոխհատուցմամբ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն: Այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրվա ընթացքում քննարկված հարցերը և ավարտել հերթական նիստերի աշխատանքը:

  • Կիսվել: