շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ողջունում եմ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը և բարձր գնահատում այն հեռատեսությունը, որ վարչապետն ու Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում. Բլինքեն

Ողջունում եմ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև երկխոսությունը և բարձր գնահատում այն հեռատեսությունը, որ վարչապետն ու Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում. Բլինքեն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

Հանդիպման վերաբերյալ իր թվիթերյան էջում գրառում է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. ՛Շատ արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ուրախ Վաշինգտոն վերադառնալու և ԱՄՆ-ի հետ ամուր գործընկերությունը վերահաստատելու համար։ Վերջին 3 տասնամյակների ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ը արդյունավետ համագործակցություն են ունեցել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքները հարգելու և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա՛՛:

Հուշագրի արարողության ստորագրման ժամանակ ելույթով հանդես է եկել Էնթոնի Բլինքենը՝ ասելով. ՛՛Մենք շատ լավ երկխոսություն ունեցանք, եւ այս հանդիպման հիմնական նպատակն է վերսկսել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական երկխոսությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Սա կարեւոր գործիք է, որի միջոցով մենք կարող ենք խորացնել եւ ամրապնդել մեր հարաբերությունները՝ նոր ոլորտներում համագործակցության եւ փոխգործակցության իրականացման համար։

Մենք ուրախ ենք քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Այն նաեւ նոր ճանապարհ է բացում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության համար։ Եվ կարծում եմ, որ դա կարող է ծառայել նաեւ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ գնահատել Հայաստանի վարչապետի ղեկավարությունը եւ նրա կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, շարունակվող առաջընթացը, ինչպես նաեւ ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը եւ բարձր գնահատել այն հեռատեսությունը, համարձակությունն ու ճկունությունը, որ վարչապետն ու Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով այն ուղղությամբ, ինչ մենք բոլորս ցանկանում ենք՝ երկարաժամկետ խաղաղության։

Եվ վերջապես, թույլ տվեք ասել Ձեզ, պարոն նախարար, եւ Ձեր գործընկերներին՝ շատ հաճելի է ձեզ հետ աշխատել մեր հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Դժվար ժամանակներ են տարբեր ուղղություններում, դժվար ժամանակներ են նաեւ Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ուժեղ եւ իսկական բարեկամ ու գործընկեր ունեք՝ ի դեմս ԱՄՆ-ի՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

  • Կիսվել: