ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոգեկոչման ու հարգանքի միջոցառումներ Շիրակի մարզում

Ոգեկոչման ու հարգանքի միջոցառումներ Շիրակի մարզում

Շիրակի մարզում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներն ազդարարվեցին Շիրակի ու Արթիկի թեմերի եկեղեցիներում՝ ոգեկոչման  պատարագներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատարագից հետո մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները ոտքով շարժվեցին դեպի Գյումրու «Բարեկամության» պուրակ ու հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ, իսկ գլխավոր հավաքատեղին, ինչպես միշտ, այս անգամ ևս Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորն էր:

Շիրակի ու Լոռու մարզերի բնակիչները Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար հավաքվում են Ջարդի ձորում, որտեղ տեղադրված խաչքարին ծաղիկներ են խոնարհում ու մեկ րոպե լռությամբ հարգում անմեղ զոհերի հիշատակը:

Ըստ վկայությունների՝ հենց այստեղ՝ Հերհերի, իսկ ինչպես ժողովուրդն է ասում՝ Ջարդի ձորի տարածքում 1918-1921 թվականներին նահատակվել է Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ: Պատմական մեկ այլ աղբյուրի համաձայն՝ հենց այս տարածքում 1920 թվականին Քեմալական Թուրքիան է շարունակել երիտթուրքերի քաղաքականությունը: Քեմալական Թուրքիան այդ ժամանակ հենց այս ձորում է իրականացրել կանանց ու երեխաների ջարդը` նրանց աչքից հեռու տարել ու գնդակահարել:

«Մենք այսօր մեր խոնարհումն ենք բերել անմեղ զոհերին, միևնույն ժամանակ, շնորհակալ ենք այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Հուսով ենք, որ այդ պետությունների թիվը կավելանա՝ այլևս երբեք թույլ չտալով նոր ոճրագործություններ»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ նշելով, որ հզոր երկիր ունենալու համար հայությունը պետք է համախմբվի:

  • Կիսվել: